Նեյմարին Բրազիլիա են բերել հաշմանդամի սայլակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է Բրազիլա՝ վնասված ոտքի վիրահատությունն անցկացնելու համար:
26-ամյա ֆուտբոլիստը Ռիո-դե-Ժանեյրոյի օդանավակայանում հայտնվել է հաշմանդամի սայլակով՝ Բրազիլիայի հավաքականի բժիշկների ուղեկցությամբ:
«Դա ոչ թե պարզապես կոտրվածք է, այլ՝ ոտնաթաթի կարևոր ոսկորի կոտրվածք: Երեկ մենք Փարիզում երկրորդ անգամ հետազոտություն անցկացրեցինք և վնասվածքի լրջությունը հաստատվեց:
Մենք բուժման հարցում կասկածներ չենք ունեցել. անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Կոնսերվատիվ միջոցներով բուժումը միայն կարող էր բարդացնել վնասվածքը», հայտնել է Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, որը վիրահատելու է Նեյմարին: