211652_close_icon
views-count3265 դիտում article-date 19:38 13-03-2018

Տնտեսավարողներն օր առաջ պետք է գիտակցեն HACCP համակարգի առավելությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա հերթական միջոցառումը նվիրված էր Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման սկզբունքներին: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 13-ին մեկ հարթակում էր համախմբել տնտեսավարողներին, համակարգի ներդրման մեջ մասնագիտացված, ինչպես նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում ընդունված այս համակարգի հնարավորինս արագ կիրառումը խթանելու նպատակով: ՍԱՊԾ տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը տնտեսավարողներին է ներկայացրել համակարգի՝ նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում արտացոլված հիմնական յոթ սկզբունքները, որոնց հետևելով և բոլոր փուլերը փաստաթղթավորելով հնարավոր է երաշխավորել սննդամթերքի անվտանգության որոշակի մակարդակ: Ծառայությունը Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մշակել և արդեն շրջանառել է HACCP աուդիտի ստուգաթերթը, որով հնարավոր կլինի գնահատել այս կամ այն արտադրությունում սահմանված նորմերի համապատասխանությունը: HACCP-ի առկայությունն, ըստ բանախոսի, չափորոշիչ է լինելու մեկ այլ կարևոր՝ Ծառայության կողմից առաջիկայում ներդրվելիք ռեյթինգավորման համակարգի համար: Ժամանակացույցը հաստատված է, ոլորտներն՝ ամրագրված, խորհուրդները՝ ուղեցույցերում ամփոփված. մնում է, որ տնտեսավարողներն օր առաջ գիտակցեն այս համակարգի առավելությունները և կիրառեն այն: Իսկ առավելությունները բազմաթիվ են: Դրանցից մի քանիսը նշել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը. կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք: Վերջինիս համոզմամբ՝ HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն ամենաարդարացվածն է արդյունքների տեսանկյունից, հատկապես, որ, ցանկության դեպքում, այն կարելի է նաև գործարկել նվազագույն ծախսերով, առանց նորագույն սարքավորումների՝ պարզապես ճիշտ կազմակերպելով աշխատանքը սանիտարահիգիենիկ պայմաններում: Կան նաև այս համակարգի ներդմանն ուղղված աջակցման ծրագրեր, սուբսիդիաներ: «Դուստր Մելանյա» ընկերության արտադրության պետ Ասատուր Հարությունյանը, սեփական փորձից ելնելով, գործընկերներին ներկայացրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների ներդրման առավելությունները, կիսվել խորհրուրդներով. կաթնամթերքի այս արտադրությունում արդեն մի քանի տարի է՝ աշխատում են HACCP համակարգով, ինչը ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը: «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կաթի շուկայում վերահսկողություն վերջերս հաճախ է իրականացնում, սակայն մեզ մոտ խախտումներ չի հայտնաբերում. սա արդեն արդյունք է»,-հպարտությամբ նշում է ընկերության ներկայացուցիչը: «Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ և ԷՀԵՋ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարինե Գրիգորյանը թեև HACCP-ի ներդրման տեմպերը դեռ բավարար չի համարում, սակայն նշում է՝ տնտեսավարողներն օրեցօր ավելացնում են գիտելիքներն այս ուղղությամբ, և այս առումով կարևոր է նաև գիտության դերը: Մասնագետներն էլ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, դասընթացների ու խորհրդատվության միջոցով աջակցում են տնտեսավարողներին՝ հանրապետությունում այս մշակույթը հնարավորինս արագ տարածելու համար: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր