211652_close_icon
views-count2668 դիտում article-date 20:05 17-04-2018

903 շահառուի տրամադրվել է 4.2 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, նախատեսվում է լիզինգի նոր ծրագիր մեկնարկել

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի ընթացիկ արդյունքները քննարկելու նպատակով։ Խորհրդակցությունը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ծրագրի մասնակից ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ։ Մինչ խորհրդակցության հիմնական օրակարգային հարցերին անցնելը փոխնախարար Մակարյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որով նախատեսվում է լիզինգային պայմաններով տարեկան 4% տոկոսադրույքով վարկ տրամադրել տնտեսավարողներին վերամշակման սարքավորումների, ջերմոցների, չորանոցների ձեռքբերման համար՝ հորդորելով ֆինանսական կառույցներին ներկայացնել իրենց առաջարկները նախագծի վերաբերյալ։ «Մեր այսօրվա խորհրդակցության հիմնական նպատակն է քննարկել գյուղոլորտին տրամադրվող 3-10 մլն դրամ սուբսիդավորվող վարկերի ծրագրի ընթացքը, առաջացող խնդիրները, Ձեր կողմից բարձրացվող հարցերը, որի արդյունքում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարվեն ծրագրում՝ թե վարկավորման և թե հավաստագրման մասով»,- իր խոսքում մասնավորապես նշել է փոխնախարարը։ Համաձայն ամփոփված տվյալների՝ 2017 թվականի չորրորդ եռամսյակում ծրագրի շրջանակում տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով, մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ: 2018 թվականին նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների: Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի 2 030.8 մլն դրամ: Ամենաշատ վարկեր տրամադրել է «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (61.84 %), այնուհետև «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն (17.9 %) «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ» ՈՒՎԿ-ն (12.95 %), «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ (7.21%) և վերջերս ծրագրին միացած «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»-ն՝ («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) 0.10 %։ Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել են գրավադրմանը, վարկի նվազագույն շեմին, վարկերի նպատակայնությանն ու մոնիթորինգին առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող հավաստագրման դասընթացներին վերաբերող, մասնավորապես հավաստագրի ժամկետին, ինչպես նաև հավաստագրում վարկավորման գումարի չափը և նպատակը սահմանելու վերաբերյալ առաջարկությունը։ Ռոբերտ Մակարյանը հանձնարարել է ծրագրի պատասխանատուներին ֆինանսական կառույցների հետ համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերը և ներկայացնել առաջարկներ՝ ծրագրում համապատասխան փոփոխություններ կատարելու և այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր