25575 դիտում
10:10 21-05-2018
Կուտակային կենսաթոշակային համակարգ Հայաստանին պետք է. Մանե Թանդիլյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նշելով, որ Հայաստանին միանշանակ պետք է նման համակարգ։
Գրառման մեջ ասվում է.
«Հարգելի ու իմ սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան,
Նորից՝ կուտակայինի մասին, մի քանի կարևոր բան մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։
Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ ձեզ, որ կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին։
Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում գրավել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ։
Ի՞նչու այդ դեպքում չանել հստակ հայտարարություններ , որոնք տեղիք չեն տա ենթադրությունների...Շատ պարզ պատճառով. հարգելի քաղաքացիներ, որովհետև իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո՛, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։
Հիմա՝ ըստ էության։
Նախևառաջ, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։
Երկրորդ, կուտակային համակարգ պե՞տք է Հայաստանին. այո՛։ Քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։
Երրորդ, մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն է իմանալու, ինչու չէ, նաև մտորելու համար։
Չորրորդ, այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։ Բավարար է՞ արդյոք, Իմ կարծիքով՝ ոչ։
Հինգերորդ, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի Կառավարության և ապա՝ Ազգային Ժողովի կողմից։ Զուտ՝ ի գիտություն։
Այսպիսով, այո՛, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։
Նորից հարկ եմ համարում նշել, որ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Եվ դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տևող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք։
Ամենայն հարգանքով և միշտ պատրաստակամ յուրաքանչյուր խնդիր լուծող առաջարկի համար՝
Մանե Թանդիլյան»։
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
21:57 04-09-2023
Հայաստանին և Արցախին Ռուբեն Վարդանյանը ծառայում է ավելի քան 20 տարի․ Մանե Թանդիլյան
2126 դիտում
09:34 25-01-2014
Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկվելու համար նույնականացման քարտեր ունենալը պարտադիր չէ. ՀԺ
1527 դիտում
14:40 26-01-2014
Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ. համատեղ հայտարարություն
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»