211652_close_icon
views-count5264 դիտում article-date 22:49 24-05-2018

Թեքեյան Կենտրոնում կայացել է «Թեքեյանական օլիմպիադա» ամենամյա միջդպրոցական ծրագիրը. մասնակցել է 85 աշակերտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թեքեյան Կենտրոնում կայացավ «Թեքեյանական օլիմպիադա» ամենամյա միջդպրոցական ծրագիրը, որին մասնակցեց 85 աշակերտ: Արդեն 8 տարի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խրախուսման է արժանացնում մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու/գրականություն առարկաների մրցույթներում լավագույն ճանաչված դպրոցականներին: Օլիմպիադայում իրենց ուժերն են չափում Հայաստանի՝ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի, եւ Արցախի՝ Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Այս տարի եւս հիմնադրամը, համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ, օլիմպիադայի մասնակից դարձրեց նաեւ Հայաստանի սիրիահայ համայնքի երեխաներին: Տարեցտարի ձեռնարկն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ընդլայնում իր ծավալները: Հիմնադրամի նպատակն է օլիմպիադայի միջոցով քաջալերել աշակերտներին՝ խորացնելու գիտելիքներն ու ապահովելու բարձր առաջադիմություն, առողջ մրցակցության պայմաններում դրսևորելու իրենց կարողությունները և արժանանալու մրցանակների, ինչպես նաև ծանոթանալու տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ: Թեքեյանական 8-րդ օլիմպիադան նվիրված էր մեծագույն արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյակին, այդ իսկ պատճառով այս տարի այն ընդգրկեց նաեւ ասմունքի մրցույթ: Օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը մեկնարկեց երաժշտական համարներով՝ նշված դպրոցների աշակերտների կատարմամբ: Այնուհետեւ հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա կարեւորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնախմբին ծավալուն եւ անկողմնակալ աշխատանքի համար: Այնուհետեւ օլիմպիադայի մրցութային հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու եւ գրականություն/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ եւ Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոցի փոխտնօրեն Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, բ.գ.թ., բանախոս Վարդուհի Դավթյանը /ասմունք/, մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովաանագրեր, պատվոգրեր եւ մրցանակներ հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին: Ա. Իսահակյանի անվան գրադարանի պոեզիայի թատրոնի ղեկավար, ասմունքող Աիդա Ասատուրյանը, ով նույնպես մասնագիտական հանձնախմբի անդամ էր, կարդաց Վ.Թեքեյանի «Ես սիրեցի» ստեղծագործությունը եւ, դիմելով արդեն ելույթ ունեցած աշակերտներին, հավելեց. «Առնչվել մեծ պոետների ստեղծագործությունների հետ նշանակում է մղվել ինքնամաքրման, ինքնաճանաչման, խաղաղության. եւ թող բանաստեղծությունը յուրաքանչյուրիդ շուրթերից հնչի որպես աղոթք, որպես սրտի խոսք»: ԹԿՀ հոգաբարձուների խորհրդի անդամ հայտնի հրապարակախոս, մտավորական Հակոբ Վարդիվառյանը /ԱՄՆ/ իր ելույթում անդրադարձավ Թեքեյանի կյանքին եւ նրա անունը կրող մշակութային եւ կրթական հաստատությունների ստեղծման գաղափարին ու պատմությանը: Խոսելով ասմունքողների մասին, նա հատկանշեց սիրիահայ աշակերտների հայրենասիրական ոգով կատարումները, «քանզի նրանք Հայրենիքի կարոտով կապրեն: Դեր Զորի անապատների վրա ժողովված հայերի երրորդ սերունդն են նրանք, որ նույիսկ Եփրատի ափերի վրա տակավին կուզեն հայ մնալ: Դյուրին չէ օտարության մեջ հայապահպանությունը, հայախոսությունը, սակայն իրենք հայերեն կաղոթեն, հայերեն կկարդան, երազներում Արարատը կտեսնեն՝ սա է հայրենասիրությունը: Թեքեյանական ոգով մեծացած ենք եւ այդ ոգին տարածած ենք, եւ մեզ համար պատիվ է այսօր ունենալ թեքեյանական նոր սերունդ, որը կշարունակի մեր գործը: Եվ տա աստված, որ Ղարաբաղն այլեւս Հայաստան ըլլա», - նշեց Հ.Վարդիվառյանը: Թեքեյանական 8-րդ օլիմպիադայում առաջին մրցանակի՝ եռօրյա ուղեւորություն դեպի Արցախ երկու անձի համար, արժանացան` «Հայոց լեզու եւ գրականություն» - Էմմա Գեւորգյան /Գյումրի/ «Մաթեմատիկա» - Աննա Դարաբյան /Երեւան/ «Անգլերեն լեզու» - Արամ Սարգսյան /Գյումրի/ «Ասմունք» - Մարալ Գասպարյան /Սիրիա/ Պետք է նշել նաեւ, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր