19877 դիտում
14:09 01-06-2018
Կառավարությունը ծրագիրը հաստատեց և ուղարկեց ԱԺ
Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:
ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:
Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են՝ իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը և այլն:
Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի նախագահին առաջարկեց 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ՝ օրակարգում ներառելով կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Նմանատիպ նյութեր
1083 դիտում
14:22 04-06-2014
Կառավարությունը հաստատեց ազգային ստանդարտների մշակման ծրագիրը
1781 դիտում
16:13 16-05-2019
Կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
2913 դիտում
15:53 27-02-2020
Կառավարությունը հաստատեց ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ միջոցառումների ծրագիրը
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
532 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ