211652_close_icon
views-count2914 դիտում article-date 22:51 27-09-2018

ԵՊՀ-ում անցկացվել է «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Այն կազմակերպել էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը: Մասնակիցների թվում էին աշխարհի տարբեր համալսարաններից ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Սերվիս բաժնի ուսանողուհիներ Արմինե Թովմասյանը և Միլենա Սուքիասյանը: Միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով, որ այսօրինակ գիտաժողովները յուրատեսակ ստուգատես են, որոնք ամփոփում են արված աշխատանքները: ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ այսօրվա գիտաժողովի թեման շատ ընդգրկուն է ու լայն, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր և խնդիրներով լեցուն: Ա. Սիմոնյանն անդրադարձավ նաև շրջակա միջավայրը վնասող այն խնդիրներին, որոնք նկատելի են հատկապես թույլ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում. «Տեղեկատվական դաշտը երբեմն չափազանցված է ներկայացնում այդ խնդիրները՝ փորձելով ինչ-ինչ մեթոդներով ներազդել մարդկանց հոգեբանության վրա, բայց կա մի պարզ ճշմարտություն. մենք մեր ապագա սերունդներին հանձնում ենք աղտոտված երկրագունդ»: ԵՊՀ ռեկտորը համոզված է, որ այսպիսի վիճակի պատճառը հասարակության ոչ բավարար զարգացած լինելն է. «Մենք տեսնում ենք, թե մարդու ագահությունը, անպատասխանատվությունը, րոպեական շահ ստանալու մոլուցքն ինչպես են խաթարում մեր երկրի բնությունը, աղտոտում ընդերքը, կործանում ջրային ռեսուրսները»: Ըստ Ա. Սիմոնյանի՝ խնդիրների մասին ոչ միայն պետք է աղաղակել, այլև գիտականորեն հիմնավորված դեղատոմս մշակել: ԵՊՀ-ն, ինչպես նաև Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը պատասխանատվություն են կրում ոչ միայն խնդիրները ներկայացնելու, այլև լուծումները գտնելու համար: Եզրափակելով իր ելույթը՝ ԵՊՀ ռեկտորը մասնագետներին մաղթեց արգասավոր աշխատանք, արդյունավետ լուծումներ, հույս հայտնելով, որ ուսանողությունն անտարբեր չի լինի ու կմասնակցի քննարկումներին և լուծուման ուղիների որոնմանը: Ներկաներին ողջունեցին նաև ՌԴ միջազգային հարաբերությունների համալսարանների պրոռեկտորների ասոցիացիայի նախագահ Անատոլի Բոգուշը, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի ներկայացուցիչ Կոլյա Տեստովը և Բուրգասի ազատ համալսարանից Անտոն Լազարովը: Վերջինս նշեց, որ պատիվ ունի շնորհավորելու ԵՊՀ-ին 100-ամյակի առթիվ. «100 տարի է, ինչ համալսարանը ոգեշնչում է իր ուսանողներին, ԵՊՀ-ին մաղթում եմ բարգավաճում ու նորանոր ձեռքբերումներ»: Այնուհետև գիտաժողովի մասնակիցները դիտեցին Երևանի պետական համալսարանի պատմությանը նվիրված ֆիլմ, որից հետո հրավիրյալները հանդես եկան զեկուցումներով: Տեղեկացնենք, որ գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը:

Նմանատիպ նյութեր