Մայրաքաղաքում կանցկացվի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը
Հարգելի գործընկերներ,
հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ից, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կմեկնարկի կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը:
Ծրագրին մասնակցում են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ:
Հաքաթոնի սկզբում փորձագետները կներկայացնեն քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: Այնուհետև մասնակիցները թիմերի կբաժանվեն և լուծումներ կմշակեն:
Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում այդ մարտահրավերի համար, ներկայացնում են ժյուրիին, և լավագույնները հնարավորություն են ստանում զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել քաղաքում:
«Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն