211652_close_icon
views-count1902 դիտում article-date 21:33 26-10-2018

Մեկնարկել է «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամը»-ի նախաձեռնությամբ մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը: Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը: Միջոցառման հանդիսավոր բացմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիրան Սարգսյանը, կարևորելով կլիմաթոնի անցկացումը, նշել է, որ բնապահպանական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, որից հետո մասնակիցները 24 ժամվա ընթացքում մշակում են լուծումներ: «Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ պարբերաբար նախաձեռնում և իրականացնում է կլիմայի փոփոխությունները մեղմելուն ուղղված միջոցառումներ: Այս տարի հաքաթոնին մասնակցում են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ ու պարզապես կրեատիվ մտածողություն ունեցող մարդիկ», - նշել է Տիգրան Սարգսյանը: «Բնակլիմայական խնդիրները միայն քաղաքային իշխանությանը չեն, այլև յուրաքանչյուրինը՝ անկախ տարիքային սահմանափակման, ուստի մեր նպատակն է մեր համաքաղաքացիներին ներգրավվել քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման գործընթացին: Եվ պատահական չէ, որ այս արի հաքաթոնն անցկացվում է «Մաքուր օդ Երևանին» կարգախոսով: Վստահ ենք, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կլինեն նորարարական հետաքրքիր մտքեր»,- նշել է «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Նվեր Ստեփանյանը: Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: Այնուհետև մասնակիցները բաժանվել են թիմերի և լուծումներ մշակել: «Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն 24 ժամ անց: Լավագույն գաղափարների հեղինակները հնարավորություն են ստանալու զարգացնել իրենց առաջարկներն ու դրանք կիրառել մայրաքաղաքում: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր