12184 դիտում
18:56 29-10-2018
«Վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ»․ Ռոբերտ Քոչարյան
[b]Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Lenta.ru կայքին
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հրաժարական տալով՝ կարողացավ այնպես անել, որ նոր վարչապետ չընտրեն։ Եթե հաջորդ երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝ ԱԺ լուծարում և արտահերթ ընտրություններ։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրա հերթական հաղթանակը։[/b]
– Ես չէի կասկածում, որ այդ ներկայացումը կխաղան և նրան չեն ընտրի։ Դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ կուսակցությունները բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին և անհրաժեշտ չափով չհամագործակցեցին իրար հետ, որպեսզի դա թույլ չտան։ Հայաստանի Սահմանադրությունն այնպիսին է, որ խորհրդարանը լուծարելն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն առանց այդ ֆարսի չի լինի, տարբերակ չկա։ Ենթադրում եմ՝ երկրորդ անգամ արդյունքը նույնը կլինի։
–[b] Կարծիքները տարբեր են. ոմանք կարծում են, որ դա ներկա անկայուն շրջանի վերջը կլինի, մյուսները վստահ են, որ դրան կհետևի անկայունության նոր շրջան։ Ո՞րն է ճշմարտությանն ավելի մոտ։
[/b]
– Սա, անկասկած, բեկումնային պահ է․ վարչապետն ամրապնդում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում կձևավորվի մի խորհրդարան, որտեղ ամբողջովին կգերիշխի մեկ քաղաքական միավորում։ Իսկ հենց այդ քաղաքական միավորման մեջ գերիշխում է մեկ անձ։ Չեմ կարծում, որ այսպիսի իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։
Փաստացի բոլոր մյուս խորհրդարանական կուսակցությունները հայտնել են, որ պատրաստ չեն արտահերթ ընտրությունների։ Սակայն այս սցենարը սեղմվում է մոբիլիզացված ռեսուրսով, որը դեռևս ունի Նիկոլ Փաշինյանն ընտրողների շրջանում։ Դա տեղի է ունենում բաց, հրապարակավ, ողջ հասարակության աչքի առաջ։
Ակնհայտ է, որ եթե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, դրանց արդյունքը լիովին կանխատեսելի է։
[b]– Եվ կանխորոշվա՞ծ։[/b]
– Անկասկած։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել էմոցիոնալ վիճակում։ Սոցիալական հոգեբանությունը վկայում է, որ դա վերաբերում է և նաև ընդհանրապես հասարակությանը։ Այսօր Հայաստանում ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի վիճակում է, պատրաստ չէ առարկայական քննարկման, իսկ դա նշանակում է, որ սխալ որոշումներ կայացնելու ռիսկերը կտրուկ մեծանում են։
– [b]Ձեր հարցազրույցներից մեկում, գնահատելով ապրիլյան իրադարձությունները, պնդել եք, որ Փաշինյանը ժողովրդական մասսայական աջակցություն չունի, կան ոչ մեծ թվով համախոհներ, որոնք հիպերակտիվ են և դրա հաշվին խիստ առանձնանում են։ Այժմ Դուք խոսում եք մոբիլիզացված ռեսուրսի մասին, որն ունի Նիկոլ Փաշինյանը։ Դուք փոխե՞լ եք Ձեր տեսակետը։[/b]
– Ապրիլին տեղի ունեցած մասշտաբները լրիվ այլ էին, և մարդկանց ջանքերն ուղղված էին այդ ժամանակվա գործող իշխանության դեմ։ Հենց դա էր այն ժամանակ հիմնական համախմբող սկիզբը։ Սակայն իրավիճակի զարգացման հետ գործընթացը վերափոխվեց մեկ այլ բանի։ Այդ նույն մասսան դարձավ նոր իշխանության եռանդուն պաշտպանը, քանի որ այն համարում է իր ջանքերի արդյունքը։
Այսպիսին է օբյեկտիվ իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստել։
– [b]Դուք վեջերս կանխատեսեցիք, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումը, անկայունության նախապայմաններ կստեղծի։ Դուք ի՞նչն ի նկատի ունեիք։
[/b]
– Խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է․ ամբողջական իշխանությունը ենթադրում է ամբողջական պատասխանատվություն։ Սա մեդալի մի կողմն է, դրական, քանի որ հնարավոր անհաջողությունները հնարավոր չի լինի բարդել ինչ-որ մեկի վրա։ Այսօր հայտնի բառերը՝ «ռևանշ», «սաբոտաժ» և «հակահեղափոխություն», կկորցնեն հասցեատերերին։ Գուցե այդ ժամանակ իշխանությունը վերջապես զբաղվի տնտեսությամբ։
Բացասականը կլինի այն, որ փաստացիորեն կձևավորվի նոր քաղաքական մենաշնորհ, և դրանից երկրին ոչ մի լավ բան չի լինի։ Որպես կանոն, այդպիսի մենաշնորհն արդյունքում հանգեցնում է իշխանության լճացման և բարոյազրկման, ինչքան էլ այն հեղափոխական լինի։ Երկրում դադարում են աշխատել իշխանության ճյուղերի հետ փոխհարաբերություններում չափազանց անհրաժեշտ զսպիչները և հակակշիռները։
– [b]Այսօր Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ քաղաքագետներ, որոնք ի զորու են քանդել այդ մոնոպոլիան և իրենց վրա վերցնել ընդդիմության դերը։[/b]
– Դա կախված կլինի նրանից, թե որքան եռանդուն և պրոֆեսիոնալ նրանք կկառուցեն իրենց աշխատանքն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է լինելու, ինքնաիրացման համար մեծ հնարավորություններ կբացվեն, սակայն թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար, կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի ապագա ընդդիմությունը։
– [b]Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ դերում։[/b]
– Ես մտածում եմ այդ մասին։
– [b]Պատրա՞ստ եք գլխավորել հայաստանյան ընդդիմությունը։[/b]
– Ես Հայաստանի ապագայի հետ կապված լուրջ անհանգստության հիմքեր ունեմ։ Դա ինձ դրդում է փորձել ազդել այդ գործընթացների վրա։ Թե որքանով դա ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, սակայն կարծում եմ, որ իմ անցած ուղին և փորձը թույլ կտան հայկական քաղաքականության մեջ նշանակալի դեր խաղալ։
– [b]Մինչև Ձեր դեմ քրեական գործ հարուցելը, Դուք քաղաքականություն վերադառնալու ցանկություն չէիք հայտնել։ Հենց Ձեր դեմ մեղադրանք առաջադրվեց, Դուք հայտնեցիք այդպիսի մտադրության մասին։ Այդ իրադարձություններն ինչ-որ կերպ կապվա՞ծ են։
[/b]
– Զուգահետ գործընթացներ են, սակայն դրանք խթանեցին մեկը մյուսին։ Հայաստանի իրավիճակի և դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն ինձ դրդեց այդպիսի որոշում կայացնել դեռևս մինչև ինձ կալանավորելը։
Այստեղ մի մեծ հարց էլ կա․ քրեական գործը հայտնվեց ինքն իրե՞ն, թե՞ այն բանի արդյունքում, որ իշխանությունները նկատեցին իմ ակտիվությունը՝ այն գնահատելով որպես քաղաքական գործընթացներին մասնակցելու ձգտում։ Այստեղ հավի և ձվի առաջինը լինելու դասական պարադոքսն է։ Ես դեռևս մինչև այդ քրեական գործը, բավականին ակտիվորեն խորհրդակցում էի քաղաքացիների հետ, քաղաքական գործիչների և նրանց հետ, ովքեր կիսում են իմ անհանգստությունը։
– [b]Երևում է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի՝ Ձեր հանդեպ ոչ բարեկամական գործողություններն արագացրին գործընթացը։
[/b]
– Անկասկած, արագացրին։ Հնարավոր է՝ ամեն ինչ ավելի երկար տևեր. ես ցանկանում էի մինչև վերջ հասկանալ, ամեն դեպքում, ինչ է տեղի ունենում Հայաստանում․ չէ՞ որ ապրիլյան իրադարձությունները բավականին անսպասելի էին։ Սովորաբար, այդպիսի գործընթացներն ունենում են մեծ իներցիա։ Մեր ժողովուրդն էմոցիոնալ է, նրան հեշտ կարելի է ոգեշնչել, մանիպուլացնել նրա զգացմունքները, սակայն պետք էր հասկանալ՝ որքան կայուն կլինի ողջ գործընթացը։
– [b]Ձեր դեմ քրեական գործով ինչ-որ նորություն կա՞։ Դուք ասել եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հայց եք պատրաստում: Նիկոլ Փաշինյանն էլ կոչ է արել հոգեբանորեն պատրաստվել «մարտի մեկի գործի» բացահայտմանը։ Ի՞նչ չգիտի հանրությունը։
[/b]
– Նորություն չկա։ Վարչապետը դեռևս օգոստոսին հայտնեց, որ 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հարցով քրեական գործն ամբողջովին բացահայտված է։ Սակայն, որքանով ես տեղյակ եմ, 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների հետևանքով 10 մահացածներից ոչ մեկի գործով քննչական մարմինները ոչինչ չեն պարզել։ Ինձ հայտնի չէ՝ ինչ նկատի ուներ նա այդ հայտարարությամբ։
Չի կարելի այդ քրեական գործի բացահայտման մասին խոսել, եթե չեն պարզվել 10 մարդկանց՝ երկու ոստիկանների և 8 քաղաքացիների մահվան մեղավորները։
– [b]Բայց եթե ձեր դեմ քրեական գործը հիմնավոր չէ, և եթե Դուք հայցով գնաք ՄԻԵԴ, Ձեր դեմ մեղադրանքները կփոշիանան, իսկ դա հղի է հեղինակությունների հետ կապված շատ մեծ ռիսկերով։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է իրերի այսպիսի դասավորության դեպքում քննությունը շարունակում համառորեն առաջ տանել իրենը։[/b]
– Նախ, իմ դեմ քրեական գործը կապ չունի 10 սպանությունների հետ, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների ժամանակ։ Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգը տապալելու» մեջ։
Սակայն դա պատմությունը վերաշարադրելու և տեղի ունեցածը միանգամայն այլ կերպով նկարագրելու ակնհայտ փորձ է, իբրև թե խաղաղ ցուցարարներ են եղել, որոնց դեմ դուրս են եկել ագրեսիվ ոստիկանները և զինվորականները։ Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել, սակայն քրեական գործը ցանկանում են տանել հենց այդ սխեմայով։
Դա ենթադրում է շատ իրողությունների կեղծում, փաստերի անտեսում, տարբեր հարցերի պատասխանների լիովին բացակայություն. օրինակ՝ ո՞վ է այն ժամանակ վիրավորել ավելի քան հարյուր ոստիկանների, ո՞վ է այրել ավելի քան 90 մեքենա, ո՞վ է ցուցափեղկեր կոտրել, կողոպտել խանութները․․․ Կան բազմաթիվ աուդիո և վիդեոնյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Համացանցում կա տեսանյութ, որում երևում է, որ ցուցարարների կողմից գործի է դրվել մարտական զենք և այլն։ Այս ամենը վերաշարադրելն անհնար է։ Սպանությունների մի մասը կարող է կատարված լինել հենց այդ զենքի օգտագործմամբ։ Սակայն, զարմանալիորեն, քննությունն «իր տրամադրության տակ չի ունեցել» այդ ձայնագրությունները, չնայած իրականում, ես վստահ եմ, որ նրանք պարզապես չեն ցանկացել տեսնել այդ տեսագրությունը։
Քննության տրամաբանությունը կառուցվում է ընտրողաբար, այդ «սարքված» գործի նյութերն ամբողջացվում են, որպեսզի բոլորն անցնեն նախապես ընտրված մեղադրանքի և նրանց կողմից «նշանակված» մեղավորների սխեմայով։ Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են մեղադրանքը «սարքելով», հենց իրենք պատասխան կտան օրենքի առաջ։
– [b]Անկախ այն բանից, թե ինչպես կավարտվի քրեական հետապնդումը, կարելի՞ է համարել, որ Ձեր վերադարձը հայկական քաղաքականություն կայացել է։[/b]
– Իհարկե։
– [b] Դուք ասում եք, որ ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունը մենաշնորհային է լինելու։ Դա ի՞նչ վտանգ է պարունակում։[/b]
– Խոսելով մենաշնորհացման մասին՝ ես նկատի ունեմ մեկ կուսակցության ակնհայտ գերակայությունը, ինչը խոսում է հասարակության քաղաքականապես անառողջ լինելու մասին։ Ամեն ինչ ավելի վատ է երկրի քաղաքական կյանքի բովանդակային մասով։ Չեն քննարկվում ծրագրեր, գաղափարական պայքար չկա։
Դուք գիտե՞ք, թե ինչ գաղափարախոսություն ունի վարչապետի կուսակցությունը։ Դուք ճանաչո՞ւմ եք այդ կուսակցության անդամներին, գիտե՞ք նրանց մասնագիտական որակները, անցած ուղին։ Ընտրությունների ընթացքում հազիվ թե քննարկվեն երկրի կառավարման սկզբունքները և մեխանիզմները, տնտեսական քաղաքականությունը, զարգացման արտաքին և ներքին ուղղությունները։ Գերակշռելու է քո հեղափոխականության աստիճանը։ Դա իրականության սև-սպիտակ ընկալում է, որը հնարավոր է միայն հասարակության ծայրահեղ էմոցիոնալ գրգռված վիճակում։ Այսպիսի իրավիճակում քաղաքական մենաշնորհի ձևավորման սպառնալիքը գրեթե անխուսափելի է։
– [b]Մենք արդեն նախընտրական շրջանում ենք։ Դուք տեսնո՞ւմ եք այդ մոնոպոլիայի դրսևորումներ։[/b]
– Շատ խոսուն են տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները։ Որոշ քաղաքներում քաղաքապետ են դարձել մարդիկ, ովքեր կառավարման փորձ բացարձակ չունեն։ Նրանք ընտրվել են, պարզապես որովհետև նրանց աջակցել է վարչապետը։ Եվ քվեարկած մարդկանց ուղղված հարց է առաջանում․ դուք ձեզ մոտ՝ Էջմիածնում, վարչապե՞տ եք ընտրում, թե՞ իշխանություն, որը տեղում պետք է լուծի ձեր խնդիրները։ Հենց սա էլ դեֆորմացիան է։ Նորմալ չէ, երբ քաղաքում քաղաքապետ են ընտրում՝ ելնելով ոչ թե նրանից, թե ինչպես նա կկառավարի, այլ որովհետև այդպես է ուզում վարչապետը։
– [b]Դուք շատ եք քննադատում ներկա իշխանությանը, մատնանշում եք նրա սխալները, սակայն դրական օրակարգ առաջ չեք քաշում։ Կա՞ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրում կյանքը բարեփոխելու դեղատոմսը։[/b]
– Հասարակության նշանակալի մասն այժմ պատրաստ չէ լսել դրական օրակարգը, հետևել ինչ-որ առաջարկությունների։ Ժամանակ է պետք, որպեսզի հուզական վիճակը մի քիչ անցնի. այդ ժամանակ ռացիոնալ առաջարկությունները կհասնեն մեր քաղաքացիներին։ Դրա համար այսօր ես ավելի շատ խոսում եմ այն մասին, թե, իմ կարծիքով, ինչ չի կարելի անել, և ինչն անպայման մեծ խնդիրներ կառաջացնի ապագայում։ Կոնկրետ առաջարկները կլինեն հետագայում։
– [b]Ներքին քաղաքականության մասով ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կասեք արտաքինի մասին։ Արդյո՞ք նոր իշխանության մոտ ստացվեց կառավարման ղեկն արժանապատվությամբ ընդունելն արտաքին ճակատում՝ հաշվի առնելով, որ սկզբում Նիկոլ Փաշինյանի անփորձ լինելը բավականին թերահավատ տրամադրությունների առիթ էր տալիս։
[/b]
– Ընդհանրապես, ամեն ինչի մասին պետք է դատել արդյունքներով։ Մի բան է՝ ինչ է մարդն ասում է, մեկ այլ բան, թե ինչպիսին են նյութական արդյունքները, և ինչ ունի երկիրն արդյունքում։ Դեռևս ես չեմ տեսնում դրանք։ Եվրամիության հետ հարաբերությունների հայտարարված «նոր մակարդակը» չհամալրվեց զարգացման նոր ծրագրերով, Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում ևս նյութապես ոչինչ չի երևում, նույնը կարելի է ասել և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Արդեն ձեռք բերած միջազգային պայմանագրային-իրավական բազան վերջին կես տարում չի ընդլայնվել, մեր տնտեսությունում նոր մասշտաբային ներդրումներ ևս չկան։ Հակառակը, դիտարկվում է ներդրումների որոշ արտահոսք։ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ևս տեղաշարժ չկա։ Կդատենք արդյունքներով, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի պատմածներով։ Ես շատ կցանկանամ, որ այդ արդյունքները լինեն, դա Հայաստանի շահերից է բխում։ Սակայն դեռևս միայն տեսնում եմ լավատեսական խոսակցություններ և ոչ ավելին․․․ Օբյեկտիվ թվերն են դա ցույց տալիս։
Օրինակ, Ռուսաստանի հետ հարաբերություններում դա պետք է հանգեցնի Հայաստանում կոնկրետ ներդրումների աճի։ Եթե դա չլինի, կարող ենք հասարակության լավատեսությունը շահել տարբեր խոսակցություններով, դա որոշ ժամանակով կտա դրական ակնկալիքների էֆեկտ։ Իսկ հետո՞։ Աշխատանքի արդյունքները պետք է շոշափելի լինեն, պետք է դրականորեն ազդեն մարդկանց կյանքի մակարդակի վրա։
– [b]Շատ է խոսվում հայ-ռուսական սառը հարաբերությունների մասին։ Կիսո՞ւմ եք այս տեսակետը։[/b]
– Այս հարցում իմ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել, իսկ ես չեմ ցանկանում սուբյեկտիվիզմով տարվել։ Կրկնում եմ, որ իրական գնահատական պետք է տրվի ըստ արդյունքների՝ առևտրաշրջանառության աճ, Ռուսաստանի Դաշնություն արտահանման աճ, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնում, Հայաստանի պաշտպանունակության բարձրացում, ինչպես նաև Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Կան կոնկրետ չափորոշիչներ, որոնցով, և ոչ միայն դրանցով, պետք է դատել, թե որքանով է ամեն ինչ լավ կամ վատ։
Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրություններն արմատապես փոխկապակցված են, և երկու երկրներում ոչ ոք (համենայն դեպս, ոչ մի գիտակից մարդ) չի ցանկանում դրանք ինչ-որ կերպ փչացնել։ Կարծում եմ, որ երկու երկրներում տրամադրված են առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի շարունակեն զարգացնել դրանք և՛ ընկերական, և՛ դաշնակցային մակարդակով։
– [b]Դուք հիշեցրիք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այստեղ և՞ս հարցեր ունեք նոր ղեկավարությանը։[/b]
– Ինչ վերաբերում է Ղարաբաղին, համարում եմ, որ հայկական կողմը պետք է մշակի և բարձրաձայնի իր դիրքորոշումը, ինչը դեռևս չի արել։ Ես կցկտուր հայտարարություններ եմ լսում, տեսնում եմ կիսատ-պռատ դիրքորոշումներ կոնֆլիկտի կարգավորման տարբեր տարրերի մասով, սակայն ինչ-որ մշակված, ընդհանուր դիրքորոշում այժմ չկա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»