211652_close_icon
views-count2434 դիտում article-date 16:39 13-11-2018

Կառավարությունը 2019թ. պետական բյուջեով նախատեսում է լրջագույն սոցիալական ծրագրեր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը լրջագույն սոցիալական ծրագրեր է նախատեսում 2019թ. պետական բյուջեի նախագծով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասել, որ մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում 85 հազար նպաստառուները և թոշակառուները, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում է պարենային գծից ներքև, 2019թ. կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված կլինենք, որ նրանք իրենց ուտելիքը, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում արդեն իսկ բարձրացրել են 206 հազար քաղաքացու աշխատավարձ՝ այդ ընթացքում տարեկան 14 միլիարդ դրամ թողնելով շրջանառության մեջ: «Եկամտահարկի փոփոխությունների արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ: Արդեն ասացի, որ միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում, ըստ էության, ավելանալու է մոտավորապես 70 հազար քաղաքացու եկամուտ: Մենք որոշում ենք կայացրել, որ 2019թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը: Սրանք կարևոր ցուցանիշներ են ընդգծելու համար, որ մենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ են գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց Փաշինյանը: Նա բյուջեի քննարկումների համատեքստում գլոբալ առումով շատ կարևոր է համարում նորից վերադառնալ բյուջեի ձևավորման մասնակիցների թնջուկին, ինչը նույնպես որոշակի հարցեր է առաջացնում: «Իրականությունն այն է, որ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում ունի մոտավորապես 350 հազար մարդ: Ո՞ւմ նկատի ունենք առաջնային հարկ վճարող ասելով: Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում: Ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, ովքեր հարկեր են վճարում՝ դրանք զրոյից ստեղծելով: Իհարկե, պետական կառավարման համակարգի աշխատողները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես իրենց աշխատավարձերից հարկ վճարում են, բայց նրանց աշխատավարձը, մյուս բոլոր բյուջետային հիմնարկների աշխատավարձը ձևավորվում է այդ 350 հազար հարկ վճարողների կատարած վճարումներից: Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ ահա այս առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի: Ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ այս 350 հազար մարդիկ`որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը: Երբ մենք արձանագրում ենք, որ Հայաստանում բնակվող քաղաքացիների, աշխատունակ քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձևակերպում ենք այն խնդիրը, որը պետք է լուծենք»,- ասաց նա մանրամասնելով, որ իրենք ՀՀ որևէ քաղաքացու չեն մեղադրում չաշխատելու կամ հարկ չվճարելու մեջ, այլ ասում են, որ եղել է ուրիշ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որպեսզի ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի կոնկրետ փողի ծախսմամբ հասնել ընտրության արդյունքներին, իրենք ասում են, որ բացել ենք բոլոր հնարավորությունները, իսկ տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական աշխատանքը խրախուսելուն: Նա շեշտեց՝ կառավարության պարտավորությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա, որ ինքը կարող է արդյունք ստեղծել:

Նմանատիպ նյութեր