211652_close_icon
views-count40891 դիտում article-date 11:26 10-12-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 23-ամյա վարորդը Nissan-ով բախվել է երկաթե պաշտպանիչ սյուներին, բախվել բնակչի տան պատին և կողաշրջվել. պատը փլուզվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Խաչփար գյուղի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Եսայանը իր վարած Nissan մակնիշի 65 XX 500 համարանիշի ավտոմեքենայով Խաչփար գյուղի գլխավոր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան էլ կոտրել է տան առջև տեղադրված երկաթե պաշտպանիչ սյուները և կողաշրջվել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Խաչփարի գյուղապետ Շահեն Մարտիրոսյանը։ Վթարի վայրի հարևանությամբ ապրողներն ու հետո նաև գյուղի բնակիչները բողոքում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, որոնց մի մասը նաև ողբերգական են եղել, ու երբ տարիներ առաջ նշված հատվածում տեղադրվեց արագաչափ, դեպքերը դադարեցին։ Արագաչափի հանելուց հետո կրկնակի ավելացել է վրաերթերի ու ավտովթարների թիվը, ու հիմա գյուղացիները խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի նորից տեղադրեն արագաչափ սարք կամ ճանապարհի 2 կողմերից արհեստական անհարթություն տեղադրեն, հակառակ դեպքում վթարների թիվը կշարունակի աճել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետ Շ. Մարտիրոսյանը հայտնեց, որ թե ինքը, թե գյուղացիների մեծ մասը կողմ են, որպեսզի այդ հատվածում տեղադրվի կամ արագաչափ կամ արհեստական անհարթություն, սակայն, քանի որ ճանապարհի պատասխանատուն կապի ու տրանսպորտի նախարարությունն է, այդ հարցը պետք է լուծվի նրանց կողմից. «Ես նույնիսկ մի քանի գրություններ եմ ուղարկել թե կապի ու տրանսպորտի նախարարություն և թե Ճանապարհային Ոստիկանություն, սակայն մինչև օրս ոչ մի պատասխան չկա։ Հույս ունենք, որ այս վթարից հետո սայլը տեղից կշարժվի»։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերվեց և ի պահ հանձնվեց վարորդին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր