211652_close_icon
views-count2598 դիտում article-date 12:36 21-12-2018

Պոպուլիստական ուժերը կարող են թափանցել Եվրոպական միության վերին օղակներ․ «Ամերիկայի ձայն»

Պոպուլիստական շարժումը տարածվում է Եվրոպայում: Անցնող մեկ տարվա ընթացքում այս ուժերը մի քանի երկրներում են վերցրել իշխանությունը: Ֆրանսիայում վառելանյութի գների դեմ բողոքով սկսված դեղին ժիլետավորների շարժումն էլ շուտով վերածվեց երկրի նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի: Էմանուել Մակրոնը, որը համարվում էր պոպուլիզմի դեմ պայքարող գործիչ, վերլուծաբան Գրեգորի Կլայեսի խոսքերով, իր թիկունքի հետևում թաքցրել է պոպուլիստական գաղափարները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ 2018 թվականի պոպուլիզմը, սակայն, ունի մեկ առանձնահատկություն. Ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը շարժվում էին միասին: Ծայրահեղ աջերին սովորաբար տեսնում էինք արևելյան Եվրոպայի երկրներում, ինչի պատճառը ներգաղթի նկատմամբ այստեղ տարածվող մտահոգությունն էր: Ծայրահեղ ձախթևային շարժումն ավելի շատ նկատվում էր Եվրոպայի հարավում, քանի որ այս հատվածներն էին ավելի շատ իրենց վրա կրել ֆինանսական ճգնաժամի հետևանքները: «Սակայն այսօր»,- ասում է վերլուծաբանը,- «Իտալիայի ու Ֆրանսիայի պես երկրներում առկա են երկուսը միասին»: Մասնավորապես Իտալիայում պաշտոնական մակարդակի վրա դրվեց այս միասնությունը, երբ մայիս ամսին կոալիցիա կազմեցին ձախթևային «Հինգ աստղ» անվանումը կրող շարժումը և աջթևային «Լիգա» կուսակցությունը: Նրանց ընդհանուր նպատակն էր դեպի Իտալիա միգրանտների հոսքը կանգնեցնելը և պետական ծախսումները կրճատելու ծրագիրը կասեցնելը: Դա Հռոմին դրեց Եվրոպական միության հետ քաղաքական բախման հարթակին: Ինչպես պոպուլիստական համարվող «Վոքս» կուսակցությունն է հայտարարում Իսպանիայում, իր նման կուսակցությունները եկել են տասնամյակներով այստեղ գործելու համար: Եվրոպայում պոպուլիստական ուժերը սակայն հայտնվել են մրցակցության մեջ: Կանաչների կուսակցությունը Գերմանիայում կարողացավ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը ընտրությունների արդյունքում մղել դեպի չորրորդ տեղը: Հունգարիայում ցույցեր սկսվեցին ընդդեմ Վիկտոր Օրբանի պոպուլիստական կառավարության: Սակայն Եվրոպայում պոպուլիզմի աճը մեծ ազդեցություն կարող է ունենալ 2019 թվականի մայիսին նախատեսված Եվրոպական խորհրդարանի ընտրությունների վրա, երբ այդ ուժերը կփորձեն իրենց տեղն ապահովել նաև Եվրոպական միության վերին օղակներում:

Նմանատիպ նյութեր