211652_close_icon
views-count3429 դիտում article-date 10:49 28-12-2018

Ըհը՜, ա՛յ հիմա մենք լիուլի ձեզնից վրեժ կլուծենք․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նոր տարին, որը մենք հիմա նշում ենք, ի վերջո, չափազանց պայմանական և հարաբերական երևույթ է: Երկրագունդը ինչպես պտտվում էր Արևի շուրջը, այդպես էլ շարունակում է պտտվել և ոչ մի պահ չի դադարում դա անել: Այլ մշակույթներում, նաև մեր՝ հայկական նախաքրիստոնեական ավանդույթում, Նոր տարին արձանագրվում է մեկ այլ ամսաթվով, որը, այսպես ասած, «նույն իրավունքներն ունի», որքան հունվարի 1-ը: Արդեն երկար տարիներ ինձ համար ավելի կարևոր է Սուրբ ծնունդը, որը, ինչպես և Սուրբ հարության տոնը, մտորելու, կյանքը վերագնահատելու առիթ է տալիս: Մանավանդ այսօր՝ հետհեղափոխական այս կարճատև, բայց նշանակալից շրջանում «հավերժ հարցերի» մասին խորհելն ամենևին չէր խանգարի: Ինչպես հայտնի է, Աստվածաշնչում նշվում են 7 մահացու մեղքերը՝ հպարտությունը (մեծամտությունը), նախանձը, բարկությունը, ծուլությունը, ագահությունը, որկրամոլությունը, բղջախոհությունը (կեղտոտ մտքերը): Ժամանակ առ ժամանակ վերցնում եմ այդ տխուր ցուցակը և համոզվում, որ այդ 7 մեղքերն էլ այս կամ այն չափով հատուկ են այս մոլորակում ապրող ցանկացած մահկանացուի, այդ թվում՝ ինձ: Բայց հետհեղափոխական շրջանում հատկապես սրվում են մեղքերից երկուսը՝ նախանձն ու բարկությունը՝ «Ըհը՜, ա՛յ հիմա մենք լիուլի ձեզնից վրեժ կլուծենք»: Կարևոր չէ, թե ովքեր են տվյալ դեպքում «մենք», ովքեր են՝ «նրանք», ումից պետք է վրեժխնդիր լինել՝ ինձ որ հարցնեք, զուտ հոգևոր իմաստով այդ «մենք»-«նրանք» բաժանումը նույնպես պայմանական է: Կարևոր է, որ նախանձն ու բարկությունը փոխվեն եղբայրասիրության և հեզության, իսկ մնացած խնդիրներով թող զբաղվի պետությունը՝ իրավապահ մարմիններն ու դատարանները: Ատելությունից, չարությունից, նախանձից, խանդից ազատվելը մաղթում եմ նախևառաջ ինձ, իսկ հետո նաև՝ աշխարհի բոլոր մարդկանց: Իսկ դրա ճանապարհը, իմ կարծիքով, ներքին խաղաղությանը հասնելն է: Այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, տիեզերական նշանակություն չունի. մի օր տրամադրությունս կարող է բարձր լինել, մի օր՝ ոչ այնքան, մի օր, հնարավոր է, մի տեղս ցավա, մի օր՝ ոչ, երբեմն ինչ-որ բան եմ ձեռք բերում, երբեմն՝ կորցնում, օրեր են լինում, որ նեղության մեջ եմ, լինում են նաև լիության օրեր: Այդ ամենը նորմալ է, պետք չէ դրա համար որևէ մեկին մեղադրել, ու պետք չէ նաև դա չափից դուրս լուրջ ընդունել: Դրանք ալիքներ են, որոնք բարձրանում-իջնում են օվկիանոսի վրա, կարևոր է, որ ինքը՝ օվկիանոսը, խաղաղ լինի: Հաճույք ստանանք կյանքի ամեն մի պահից, որքան էլ այն դժվար կամ թեթև լինի, մեզ շրջապատող ամեն մի մարդուց, շնչավոր և անշունչ առարկաներից, որքան էլ դրանք անկատար լինեն: Այդ անկատարության մեջ էլ կատարելություն փնտրենք: Ահա թե ինչ եմ բոլորիս մաղթում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր