211652_close_icon
views-count2040 դիտում article-date 19:48 23-01-2019

ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու եւ արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարեւոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայկական կողմը կարեւորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը: «Կարծում եմ, որ սա եւս լուրջ նվաճում կլինի եւ հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,-ասել է Արարատ Միրզոյանը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի էլ ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումների եւ այլ ոլորտներում: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, շնորհավորելով Արարատ Միրզոյանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, կարեւորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար: Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար: Դեսպանը նաեւ արժեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները:

Նմանատիպ նյութեր