211652_close_icon
views-count1548 դիտում article-date 16:20 18-02-2019

ԲԴԽ-ն նախաձեռնել է դատական իշխանության անկախության երաշխավորման առաջնահերթությունների շուրջ աշխատանքային քննարկում

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 18-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նրա առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավա­սու­թյան դատարանի նախագահը: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայե­ցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջ­նահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը: Կարևորվել է նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակ­ցությամբ առանձին հիմնախնդիրների համա­տեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշ­տությունը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար է համարել նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրել է իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն: Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման:

Նմանատիպ նյութեր