Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին
Արտահանման լիցենզիաների վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics Defense Systems ռազմարդյունաբերական ընկերությունը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ նոր պայմանագիր է ստորագրել:
Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:
Ընկերության հայտարարության համաձայն` 13 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել է երկու տարի ժամկետով: Պայմանագրի շրջանակներում Aeronautics Defense Systems ընկերությունը ապահովելու է Ադրբեջանին վաճառված Orbiter 1K ռազմական ինքնաթիռների վերանորոգման աշխատանքը:
Orbiter 1K-ը անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից:
2017թ. օգոստոսին իսրայելական թերթերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Aeronautics ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ փորձարկել են հայկական դիրքերի ուղղությամբ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել և տեղեկատվություն տարածվեց, որ պաշտպանության նախարարությունը կասեցրել է ընկերության ղեկավարների արտահանման թույլտվությունները: 2019թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող Aeronautics ընկերությանը թույլատրել է շարունակել ԱԹՍ-ների վաճառքն Ադրբեջանին: