2026 դիտում
09:22 02-03-2019
Ջորջթաունի համալսարանում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերները․ «Ամերիկայի ձայն»
Հայաստանում ժողովրդավարության զարգացման ներքին և արտաքին մարտահրավերների մասին քննարկում էր կազմակերպվել Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում տեղի հայ ուսանողների միության կողմից: Հրավիրված բանախոսներն էին քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանն ու պրոֆեսոր Գրեգորի Աֆթանդիլյանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4810367.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Խոսելով վերջին տարվա ներքաղաքական զարգացումների մասին՝ Էմիլ Սանամյանը կարևորեց հետխորհրդային Հայաստանում ձևավորված հանրային բողոքի մշակույթը:
«Հայաստանի հետխորհրդային շրջանում ունեցել ենք 5 ընդդիմադիր քաղաքական շարժումներ տարբեր ժամանակահատվածներում, որոնք մեծ մասամբ կապված են ընտրությունների հետ, երբ հանրությունը բողոքի ցույցի էր դուրս գալիս ղեկավարի ընտրության կամ վերընտրության դեմ: Հայաստանում այսպիսով ձևավորվել էր բողոքի մշակույթ»,- նշում է Էմիլ Սանամյանը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով վերջին քաղաքական շարժման հաջողության հիմքում էր ընկած ընդդիմադիր նոր որակի առաջնորդի ի հայտ գալն ու արտաքին ուժերի՝ չեզոքության պահպանումը:
Գրեգորի Աֆթանդիլյանը կիսում է նոր առաջնորդի առկայության կարևորությունը թավշյա հեղափոխության հաղթանակի հարցում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծում է Հայաստանում տեղի ունեցած սերնդափոխության կարևորությունը և ակտիվ երիտասարդության դերը:
«Մենք ունեցել ենք սերնդափոխություն: Առաջ են եկել երիտասարդներ, ովքեր չեն ցանկանում դառնալ Հայաստանից ուղեղի արտահոսքի մի մաս: Նրանք մարդտահրավեր են նետել նախորդ իշխանություններին, քանի որ ըստ իրենց, գործող ռեժիմը համահունչ չէր արձագանքում իրենց պահանջներին»,- ասում է պրոֆեսոր Աֆթանդիլյանը:
Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության և այլ երկրների հետ հարաբերություններին անդրադառնալով՝ բանախոսները համամիտ են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր իշխանությունների օրոք լուրջ փոփոխություններ չի կրել, ներառյալ տարածաշրջանային զարգացումներում:
«Այս իշխանությունները ժառանգել են նույն երկիրը, նույն խնդիրներով, սահմաններով, չկարգավորված հակամարտությամբ և անկայուն տարածշրջանով: Վերջին 25 տարիների մշտական մարտահրավերն է Արևմուտքի լուրջ աջակցությանը հասնելու դժվարությունները»,- նշում է Սանամյանը:
«Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Փոխվել են միայն Արևմուտքի հետ հանրային կապերը»,- ընդգծում է Աֆթանդիլյանը:
Սանամյանը սակայն արձանագրում է որոշ բացասական փոփոխություններ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում: Մասնավորապես, Փաշինյանի վարչակազմը ստիպված էր գնալ որոշակի զիջումների Ռուսաստանին և զորամիավորում ուղարկել Սիրիա: Նախկին իշխանություններին, ըստ Սանամյանի, հաջողվում էր խուսափել այդ քայլից: Բացի այդ, վերլուծաբանը հարցականի տակ է դնում Հայաստանի ռազմական ղեկավարության նախաձեռնությունը ռազմական ավիացիայի զարգացման հարցում և անարդյունավետ գնահատում ժամանակակից ռազմական օդանավեր ձեռք բերելու որոշումը:
Բանախոսներն անդրադարձան նաև Հայաստանի հետագա զարգացմանն ու այս ոլորտում սփյուռքի դերակատարությանը: Աֆթանդիլյանը համուզված է՝ գործող իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են նոր մոտեցումներ:
«Կառավարությունը պետք է ավելի ռազմավարական մոտեցում մշակի, թե ինչ է ուզում Սփյուռքից»,- ասում է Աֆթանդիլյանը:
Սանամյանի կարծիքով էլ, Հայաստանի զարգացումն ունի մի շարք խոչընդոտներ, ներառյալ երկրի փոքր չափսերն ու աշխարհագրական դիրքը, որոնք խափանում են ներդրումների ներհոսքը երկիր: Քաղաքական մեկնաբանը Հայաստանի զարգացման հարցում կարևորում է այլ էթնիկ խմբերի ներգրավման անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
2262 դիտում
12:57 04-04-2018
Արմեն Սարգսյանն Աստանայում հանդիպել է հայ համայնքի հետ և ներկայացրել արտաքին ու ներքին մարտահրավերները
1208 դիտում
13:13 05-08-2019
Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները․ Աշոտ Ղուլյան
Այս բաժնից
1063 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»