211652_close_icon
views-count1622 դիտում article-date 21:40 10-04-2019

Գևորգ Բարսեղյանը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նոր դեկանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր կայացավ գիտխորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը դեկանի ընտրության հարցն էր: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի նիստին, բացի անդամներից, ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Մինչև անցնելը օրակարգի գլխավոր հարցին՝ գիտխորհրդի անդամներն ընտրեցին նիստը նախագահող, որը ստանձնեց Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ֆակուլտետի բոլոր ամբիոններում քննարկվել են դեկան առաջադրելու հարցը: Ըստ այդմ՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը: Ծրագրային ելույթով առաջինը հանդես եկավ Սամվել Աբրահամյանը: Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց այն ամբիոններին, որոնք առաջադրել են իր թեկնածությունը, ապա անդրադարձավ ֆակուլտետում իր ծավալած աշխատանքներին, որոնք վերաբերում էին ինչպես ֆակուլտետի՝ տարբեր երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա) բուհերի հետ ունեցած սերտ համագործակցությանը, այնպես էլ ֆակուլտետում տիրող առողջ մթնոլորտին: Նա ներկայացրեց 2019-2024 թթ. համար մշակված այն ռազմավարական ծրագիրը, որով առաջնորդվելու է ֆակուլտետն իր ընտրվելու դեպքում: «2019-2024 թթ. ֆակուլտետի գործունեության ռազմավարական նպատակներից են լինելու որակյալ կրթության, բարձրորակ հետազոտությունների և որակյալ հանրային ծառայությունների ապահովումը»,- նշեց Ս. Աբրահամյանը: Վերջինս ընդգծեց, որ պետք է շարունակել ֆակուլտետի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրագործմանը միտված աշխատանքները՝ ըստ ժամանակացույց-պլանի, վերհանել եղած թերությունները և հաշվի առնել դրանք ֆակուլտետի զարգացման նոր ռազմավարական ծրագիր մշակելիս: Միաժամանակ, ըստ Աբրահամյանի, պետք է զարգացնել ուսանողների գործնական հաղորդակցական հմտությունները, ինչին հասնելու համար պետք է ավելացնել ֆակուլտետում դասավանդվող լեզվակիր դասախոսների թիվը. «Անհրաժեշտ է համագործակցել դեսպանատների, լեզվակիր երկրները ներկայացնող համապատասխան կազմակերպությունների և անձանց հետ: Չեմ կարող չնշել նաև այն մեծ ներդրումը, որն ունի Հայաստանում Իտալիայի դեսպանատունն իտալերենի դասավանդման գործում»: Ծրագրային իր ելույթում Սամվել Աբրահամյանը կարևորեց ֆակուլտետի ուսանողական կառույցների՝ ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի ներգրավվածության ավելացումն ուսանողությանը վերաբերվող հարցերի քննարկման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների գործում: Դեկանը ելույթն ավարտեց՝ անդրադառնալով ուսանողների հուզող հարցերին՝ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների բացակայությանը. «Դասախոսների ձեռնարկները և մասնագիտական գրքույկները հասանելի են դառնալու էլեկտրոնային եղանակով, ինչն էլ լավ հնարավորություն կընձեռի ուսանողին՝ գտնելու անհրաժեշտ տեղեկատվությունը»: Մինչև ծրագրային ելույթը սկսելը՝ Գևորգ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի դեկան պարոն Աբրահամյանին՝ տասը տարիների համատեղ աշխատանքի համար: Գևորգ Բարսեղյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, դրա հետ կապված ապագայի տեսլականը և զարգացման ռազմավարության թիրախային նպատակները՝ կրթության արդիականացում և որակի ապահովում, գիտակրթական գործունեության բարելավում, գիտահետազոտական և նորարարական գործունեության արդիականացում, նոր և արդյունավետ ենթակառուցվածքների ստեղծում, որակյալ կադրային ռեսուրսների ընդգրկում, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ տնօրինում, միջազգային կապերի և համագործակցության ընդլայնում: Ըստ նրա՝ ֆակուլտետի առաջնային նպատակներից է ուսանողներին առաջարկել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքների հետ համատեղելի ծրագրեր: «Այդ ամենին զուգահեռ՝ պետք է խթանել ֆակուլտետում առավել ինքնավար գործունեություն իրականացնելու գործընթացը՝ կապված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և մասնագիտական առարկաների ժամաքանակի ձևավորման հետ»,- ընդգծեց Գևորգ Բարսեղյանը: Նա կարևորեց ֆակուլտետում դասավանդվող լեզուների գործնական իմացության բարձր մակարդակի ապահովումը, ինչպես նաև մասնագիտական լեզվի խմբերում ուսանողների բաշխումը՝ ըստ լեզվի իմացության մակարդակի: «Ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար ձեռնարկել ֆակուլտետի լսարանները տեղեկատվական տեխնոլոգիական միջոցներով հագեցնելու գործը, պարբերաբար կազմակերպել ֆակուլտետի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումներ՝ ծագած ընթացիկ խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»: Ֆակուլտետի աշխատանքը կանոնակարգելու գործում Գ. Բարսեղյանը կարևորեց որակյալ կադրային ռեսուրսների ընդգրկումը: Ելույթի վերջում նա կարևորեց միջազգային կապերի ընդլայնումը և նոր համագործակցությունների ձեռքբերումը: Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ դարձան: Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Յուրի Գաբրիելյանը, անդրադառնալով Սամվել Աբրահամյանի գործունեությանը, դրական գնահատեց այն և հետաքրքրվեց՝ եթե դեկանը բարեխղճորեն կատարում է իր գործը, ապա ինչ կարիք կա նոր դեկան ընտրելու, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը պատասխանեց, որ դեկանի ընտրությունն իրականացվում է՝ ըւտ գործող կանոնակարգի, և գիտխորհուրդն ինքն է որոշում, թե ում ընտրել: Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս Գայանե Գրիգորյանի համոզմամբ, ֆակուլտետին անհրաժեշտ են թարմ շունչ, նոր մտածելակերպ և գործելաոճ, ուստի Գևորգ Բարսեղյանին ընտրելը նպատակահարմար և կարևոր է ֆակուլտետի հետագա զարգացման համար: Նա փաստեց, որ Գ. Բարսեղյանը նաև սեր և համակրանք է վայելում ուսանողների շրջանում, ինչն էլ թույլ է տալիս վստահաբար կատարելու իր ընտրությունը: Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը ողջունեց երկու թեկնածուների՝ այս տարիների իրականացրած աշխատանքը և նշեց, որ Ս. Աբրահամյանը կարևոր ներդրում ունի ֆակուլտետի առողջ մթնոլորտի ձևավորման և պահպանման գործում, ինչն ընդհատվել է վերջին երկու ամսվա ընթացքում. «Ես մտահոգված եմ ֆակուլտետում տիրող անառողջ մթնոլորտով և պնդում եմ, որ ով էլ ընտրվի այսօր ֆակուլտետի դեկան, պետք է աշխատի վերականգնել առողջ մթնոլորտը»: Զ. Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքն այս մթնոլորտում չի կարող աշխատել և հեռանալու է համալսարանից. «ԵՊՀ-ն ազգային արժեք է իր անցյալով, բայց ոչ այնքան իր ներկայով»,- ամփոփեց ելույթն ամբիոնի վարիչը: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն հավաքեց Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան ընտրվեց Գևորգ Բարսեղյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր