211652_close_icon
views-count1908 դիտում article-date 15:10 06-05-2019

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) հարցերով օգնական Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նման հանդիպումները հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից քրեական հետապնդման ոլորտում ցուցաբերած՝ հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի, խափանման միջոց կալանքի կիրառման, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ժամանակակից մեխանիզմների ոլորտներում մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված թիրախային և փոխշահավետ աջակցության համար: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել նաև երկու երկրների միջև իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, որի արդյունքում վերջին շրջանում հայկական կողմի քննչական բազմաթիվ հարցումներին տրվող պատասխանների հենքի վրա հնարավոր է դառնում առավել արդյունավետ դարձնել քրեական վարույթները: Չնայած այս ձեռբերումներին, ըստ Արթուր Դավթյանի, այս ոլորտում գործակցության մակարդակը դեռևս լիարժեքորեն չի համապատասխանում առկա պոտենցիալին, ինչի իրացմանը պետք է ուղղվեն ընդհանուր ջանքերը: Պարոն Ջորգեն Էնդրյուսը իր հերթին արժևորել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը՝ նշելով, որ օգտակար է քննարկել, թե ինչպես է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն օժանդակել ՀՀ դատախազությանը հաջողված հակակոռուպցիոն գործեր դատարան ներկայացնելու կարողությունների զարգացման հարցում: Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ԱՄՆ կառավարության համար առաջնահերթություն է, և իրենք ակնկալում են շարունակել համագործակցությունն այս ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ձեռք բերված գույքի և ակտիվների վերադարձման, հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության կատարելագործման, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին և ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նշված ուղղություններով ՀՀ դատախազության նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, պաշտոնատար անձանց գործունեության, գույքի և եկամուտների շարժի թափանցիկությանն ու հրապարակայնության բարձրացմանը միտված քայլերը: Նա նշել է, որ չնայած ակտիվ հանրային աջակցությամբ կոռուպցիայի դեմ քրաիրավական պայքարում արձանագրված աննախադեպ լուրջ արդյունքներին՝ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնատար անձանց կողմից գույքի ապօրինի ձեռք բերման հանգամանքների պարզման և հետախուզման հարցերում առաջանում են իրավական խոչընդոտներ, որոնք հնարավոր է լուծել միայն օրենսդրական փոփոխությունների իրականացման միջոցով՝ անձանց գույքային իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքների ապահովմամբ: Այս համատեքստում գլխավոր դատախազը նաև կարևոր է համարել բանկային գաղտնիքին առնչվող իրավակարգավորումների որոշակի վերանայումը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների լիարժեք պահպանմամբ՝ մի կողմից հանրային շահի, մյուս կողմից անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հավասարակշռման նպատակով: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում որպես խափանման միջոց կալանքին այլընտրանք այլ խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ներդրմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունների և շրջանառության մեջ դրած օրենսդրական փոփոխությունների նախագծի մասին՝ հավելելով, որ այս առանցքային բարեփոխումն իրականացնելու հարցում տեսնում է համագործակցության հեռանկար: ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով օգնականի կողմից պատրաստակամություն է հայտնվել հատկապես փորձագիտական աջակցության, փորձի և տեղեկատվության փոխանակման, դատախազների մասնագիտական ունակությունների ու գիտելիքների զարգացման ձևաչափերով խորացնելու և զարրգացնելու համագործակցությունը քրեաիրավական ոլորտում Հայաստանի և ՀՀ դատախազության համար առաջնահերթություն ներկայացնող նշված բոլոր ուղղություններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր