Բունդեսլիգայում Մխիթարյանից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստը կխաղա
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայի «Հոֆենհայմ» ակումբում, հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ադամյանը նոր ակումբի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:
Նշենք` Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: Նրա համար «Հոֆենհայմը» վճարել է 1,5 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում մասնակցել է երկրորդ Բունդեսլիգայի 32 հանդիպման, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Այսպիսով, Սարգիս Ադամյանը կդառնա Հայաստանի հավաքականի երկրորդ խաղացողը, որը հանդես կգա Բունդեսլիգայում: Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայում» խաղում էր Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրից առաջ «Հոֆենհայմը» ընթանում է 8-րդ տեղում և պահպանում է Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունները: