1688 դիտում
13:00 28-06-2019
Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում Վրաստանի հետ համագործակցության համար լավ հնարավորություններ ենք տեսնում. Ավինյան
Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովում ելույթ է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մեզ համար ընդհանուր է նաև այն, որ դարեր շարունակ մեր ժողովուրդները հայտնի են եղել իրենց գործարար տաղանդով: Այսօր կառավարությունների խնդիրն է ստեղծել միջավայր, որը հայ և վրացի գործարարների համար կստեղծի հաղթական իրավիճակ և թույլ կտա համատեղ նախաձեռնություններով հարստացնել մեր ընդհանուր պատմությունը: Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների ամփոփումից հետո ջերմ մթնոլորտում սկսում ենք հայ-վրացական գործարար համաժողովի աշխատանքները: Մենք մեծապես կարևորում ենք գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ համոզված լինելով, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղներն արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են երկու ժողովուրդների բարեկեցության աճին»,- ասաց Ավինյանը:
Նա հավելեց, որ երկու երկրների միջև ընթանում է բավական ակտիվ երկխոսություն ամենատարբեր մակարդակներում: «Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք իրագործմանը: Ակնհայտ է, գործարար համաժողովը սրա համար լավագույն ձևաչափերից մեկն է: Գործարար համայնքների միջև փոխհարաբերությունները սկզբունքային դեր են խաղում միջպետական տնտեսական կապերի ձևավորման և զարգացման համար: Փոխադարձաբար մեր երկարատև տնտեսական համագործակցության երաշխիքն է նաև հանդիսանում առկա փոխվստահության մթնոլորտը, որը մեր ժողովուրդների պարագայում ունի պատմական խորը արմատներ»,- նշեց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ գործարար ֆորումը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրի, ներդրումային հնարավորությունների հետ, և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը: Այս երևույթը չափազանց դրական է, և, բնականաբար, ակնկալում ենք առաջիկայում տեսնել ավելի շոշափելի արդյունքներ: Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առկա վիճակը դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ գործնական համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու: Այս առումով մենք լավ հնարավորություններ ենք տեսնում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Համատեղ աշխատելու հնարավորություններ կան նաև զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես, երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով: Կարծում ենք, որ հայ և վրաց գործարարների միջև արդյունավետ համագործակցությունը կարող է դրականորեն ազդել Հայաստանում և Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը»,- մանրամասնեց Ավինյանը:
ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ այսօր ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու արտասահմանյան ներդրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Մենք ցանկանում ենք ստեղծել նորարարական և ներառական տնտեսական համակարգ, որն առավելագույն չափով կօգտագործի մեր ժողովրդի ստեղծագործ ներուժը: Այս առումով մենք արդեն արձանագրել ենք մի շարք նվաճումներ, և, եթե միայն թվարկեմ մի քանիսը, ապա նախորդ տարի, քաղաքական բոլոր գործընթացները հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ ՀՆԱ-ի 5.2 տոկոս աճ: այս տարի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմեց 7.1 տոկոս, ապրիլի ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 9.2 տոկոս, մայիս ամսվանը կազմեց՝ 7.3 տոկոս: Կուզենայի նաև ընդգծել, որ այս աճերն ունեն նաև որակական փոփոխության կոմպոնենտ, և սա այն իներցիոն աճերը չեն, որ նախկինում են եղել»,- ասաց նա:
Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում արտասահմանյան ներդրումների համար՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի միջոցով դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա, որն ունի ավելի քան 183 միլիոն սպառող և ընդհանուր համախառն ներքին արդյունքը մոտավորապես 1.6 տրիլիոն դոլար է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
757 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են