211652_close_icon
views-count1668 դիտում article-date 18:57 26-07-2019

Կառավարության գերնպատակը Հայաստանի քաղաքացու սպասումներն արդարացնելն է. նախարարը՝ ՄԱԿ-ի պաշտոնյային

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության ղեկավար, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուկի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և ընդգծել Ծրագրի կարևորությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի գործընկերներին ներկայացրել է 2 հիմնական ուղղություններով նախատեսվող բարեփոխումների ծրագրերը՝ ուղղված դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներին, դրանցից առանձնացրել կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածում իրականացվելիք գործողությունները՝ ընդգծելով, որ Կառավարության գերնպատակը Հայաստանի քաղաքացու սպասումներն արդարացնելն է: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը, հակակոռուպցիոն երկու նոր մարմինների ստեղծմանն ու էլեկտրոնային արդարադատության ներդրմանը: ՄԱԶԾ փորձագետներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանին նշված ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում և մի շարք առաջարկներ ու դիտարկումներ ներկայացրել քննարկված հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր