211652_close_icon
views-count2373 դիտում article-date 15:40 02-08-2019

Շվեյցարահայ գործարարը հետաքրքրված է Հայաստանում մեխանիկական մեքենայացման զարգացմամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշին։ Տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Շվեյցարահայ գործարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ տեղյակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջընթացի, հայ մասնագետների ներուժի, բարձր որակների մասին և ցանկանում է Հայաստանում ծրագիր սկսել, որը տեխնոլոգիական ոլորտին զուգահեռ կզարգացնի մեխանիկական մեքենայացման ուղղությունը։ Նա ընդգծել է, որ ուզում է Հայաստան ներմուծել նորագույն, վերջին սերնդի ճշգրիտ հաստոցներ՝ դրանով նպաստելով մեր երկրում արտադրության և ռազմարդյունաբերության զարգացմանը։ Նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկը շատ կարևոր է Հայաստանի առաջընթացի և զարգացման համար և պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու ծրագրի իրականացմանը։ Նա ասել է, որ դեռ խորհրդային տարիներին ունեցել ենք շատ զարգացած արդյունաբերական համակարգ, իրենց գործին գիտակ բարձրակարգ մեխանիկ ինժեներներ, և որ հիմա էլ կան նախագծեր՝ ռազմարդյունաբերության մեջ կիրառելու համար, և ներկայացված առաջարկությունն, անշուշտ, կօգնի այդ ուղղությամբ արագ առաջ գնալու և զարգանալու։ Նախարարը շվեյցարահայ գործարարին է ներկայացրել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության մոտեցումները, դրա զարգացմանն ուղղված առաջնահերթություններն ու ծրագրերը։ Նա անդրադարձել «Ինժեներական քաղաքի» կառուցման ծրագրին, նշել, որ նախատեսվում է ստեղծել այնպիսի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կյանքի կկոչեն նոր գաղափարներ՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում կազմակերպել այն մասնագետների հետ, ովքեր աշխատելու են ներկայացված ծրագրի ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր