211652_close_icon
views-count2839 դիտում article-date 19:11 13-09-2019

Ստեփանակերտում կայացել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ համատեղ Ստեփանակերտում կազմակերպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը` նվիրված ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին: Սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի նպատակն է քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային և միջազգային կենտրոն: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներ, հայցորդներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ: Մեզ հետ զրույցում «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանն ասաց, որ այս տարվա գիտաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել աշխարհի 8 երկրի ավելի քան 120 մասնակից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հարավային Օսեթիա, Հայաստան և Արցախ). «Գիտաժողովին մասնակցում են այնպիսի անվանի գիտնականներ, որոնց զեկուցումները լսելն արդեն մեծ պատիվ ու հաջողություն է»: Գիտաժողովի ընթացքում քննարկվում են պետականության ամրապնդման տեսական և գործնական հիմնահարցերը, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները և համահայկական հիմնախնդիրները, Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդի մարտահրավերները, Արցախի Հանրապետության ինքնորոշման, կազմավորման և միջազգային ճանաչման հիմնահարցերը, Ղարաբաղյան հակամարտության ծագումն ու կարգավորման գործընթացը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, հետխորհրդային տարածաշրջանի ճանաչված ու չճանաչված երկրների հասարակական-քաղաքական զարգացումներն ու հիմնախնդիրները, սահմանադրականության հաստատման հիմնախնդիրները ճանաչված և չճանաչված պետություններում, ինչպես նաև հայ մեծերի ժառանգության մերօրյա ընկալումն ու իմաստավորումը: Ավետիք Հարությունյանը փաստեց, որ գիտաժողովի լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականում: [b]Պատրաստեց Քնար Միսակյանը [/b]

Նմանատիպ նյութեր