211652_close_icon
views-count164913 դիտում article-date 10:55 15-11-2019

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Կարին գյուղում անհայտ հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տան ներսը վերածվել է փլատակների. տանը գտնվող 6 անդամներից 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռևս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով տան խոհանոցում թախտին քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի ահագին հատված պատերից պոկվել է։, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է, դռները, պահարանները, մահճակալները ևս շպրտվել են։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։ Բնակիչներն ասում էին, որ տանը գազի արտահոսք չի եղել, քանի որ, եթե լիներ, ապա ընտանիքի անդամներից, ովքեր 6 հոգի են եղել, գոնե մեկը հոտը կզգար։ Չի բացառվում, որ պայթյունի պատճառը գազի կաթսայի անորակ լինելն է եղել, իսկ այն շահագործվում էր արդեն 5 տարի, մինչդեռ գյուղացիներն ասում էին, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքի տեսչության ծառայողները երբևէ չեն այցելել. «Երևանում գազի տեսուչը ամիսը մեկ կամ 2 ամիսը մեկ այցելում է իր կողմից սպասարկվող տարածքի բնակարաններ, սեփական տներ, ստուգում՝ արդյո՞ք թերություն կա։ Պահելով անմեղության կանխավարկածը՝ ուզում ենք, որպեսզի քննչական մարմինը և ոստիկանությունը հետաքննության ու նախաքննության ընթացքում փորձաքննությամբ պարզեն, թե արդյո՞ք գազի կաթսան է եղել պայթյունի պատճառը, իսկ մենք վստահ ենք, որ եթե Գազպրոմի աշխատակիցները գոնե երկու ամիսը մեկ այցելեին և կատարեին ստուգում, գուցե խոտանը հայտնաբերվեր»։ Ընտանիքի անդամներն այս պահին հայտնվել են փողոցում, պետք է գիշերեն իրենց ծանոթների, բարեկամների տներում, մինչև տեսնեն՝ ինչպես է լուծվելու փոխհատուցման խնդիրը։ Բնակիչները խնդրանքով դիմում են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար[ նախարար Սուրեն Պապիկյանին, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին, որպեսզի սատար կանգնեն և օգնության ձեռք մեկնեն ընտանիքի. «Միակ սփոփանքն այն է, որ զոհեր չունեցանք, երեխայի կյանքին էլ, շնորհիվ բժիշկների, վտանգ չի սպառնում»։ Ժամանել են նաև Արագածոտնի մարզպետարանից, ովքեր պայթյունի վայրում ծանոթացել են իրավիճակին, սակայն դեռևս ոչ մի պատասխան չեն տվել տուժած բնակիչներին։ Ընտանիքի անդամները, կարելի է ասել, գործազուրկ են, և հուսով են, որ պետությունն անօգնական չի թողնի, իսկ եթե փորձաքննությամբ էլ պարզվի, որ պատճառը եղել է գազի կաթսայի՝ «դարն ապրած լինելը», ապա հուսով են, որ մեղավորը կամ մեղավորները կցուցաբերեն մարդկային մոտեցում և ընտանիքին օգնության ձեռք կմեկնեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տան միայն մեկ-երկու պատն է, որ պիտանի է, իսկ մնացած պատերը, տանիքը, հատակն ամբողջովին պետք է փոխվեն։ Կարելի է ասել՝ սոցիալապես անապահով այս ընտանիքը զրոյից պետք է նոր տուն սարքի, իսկ այդ հարցում նրանց օգնող է պետք։ Թե նրանք, թե հարևաններն ուզում են հավատալ, որ այդ օգնողը կլինի պետությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր