1243 դիտում
20:06 28-11-2019
ԱԺ նախագահն ու ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը կարևորել են խորհրդարանական համագործակցությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: ԱԺ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով եւ հաստատակամ է՝ այս ամենը հասցնել տրամաբանական ավարտին՝ չշեղվելով այս ճանապարհից:
Նա հավելել է, որ սա հավասարապես վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, դատաիրավական բարեփոխումներին, ազատ մրցակցային շուկայի ստեղծմանը, անհրաժեշտ ներդրումային միջավայրի ստեղծմանը եւ մնացած բոլոր ուղղություններին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ այս հարցում Հայաստանը ստանում է միջազգային բազմաթիվ գործընկերների համակրանքն ու աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, ինչը մեծապես կարեւորում է: Նա առանձնացրել է նաեւ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը, որտեղ Շվեդիայի Թագավորության հետ միասին Հայաստանն ունի Միացյալ Թագավորության էական աջակցությունը եւ մասնակցությունը: Արարատ Միրզոյանը ՀՀ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ողջ կոնտեքստում առանձնացրել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունները, նաեւ կարեւորել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կընթանան այս համաձայնագրի հունով՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հարաբերությունները:
ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Մեծ Բրիտանիայի հավասարակշռված դիրքորոշումը, եւս մեկ անգամ հավաստել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:
Դեյվիդ Մորանն իր հերթին կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Նա վստահեցրել է, որ ակտիվ կաշխատի նոր ծրագրերի ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք լավ արդյունք կտան: Նորանշանակ դիվանագետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Հայաստանին՝ դեմոկրատական բարեփոխումների բոլոր ուղղություններով:
Նմանատիպ նյութեր
8704 դիտում
14:10 12-01-2018
1 օրում Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը 2 անգամ հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
768 դիտում
20:40 02-02-2023
ԱԺ-ում հյուրընկալվել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը
Այս բաժնից
841 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1075 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն