211652_close_icon
views-count2512 դիտում article-date 10:49 10-01-2020

Արդյոք մեզ պե՞տք են նոր սուսլովներ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իմ պատանեկության տարիներին՝ 1970-ական թվականներին, խորհրդային քարոզչության գլխավոր պատասխանատուն էր Կենտկոմի «գաղափարախոսության գծով» քարտուղար Միխայիլ Սուսլովը: 70-ն անց մարդ էր, բավականին նեղ մտահորիզոնով, սահմանափակ գիտելիքներով, ակնհայտորեն գտնվում էր գաղափարախոսության, մշակույթի, գրաքննության մասին ստալինյան պատկերացումների շրջանակներում: Լճացման տարիներին հասարակական կյանքի բոլոր դրսևորումներն էին ձանձրալի, այդ թվում՝ «գաղափարախոսական մաքրությանը» հետևող գլխավոր պաշտոնյան: Անկախ Հայաստանում տարբեր ժամանակահատվածներում դարձյալ կային կառույցներ, որոնք զբաղվում էին ներքին քարոզչությամբ: Որպես 1-ին նախագահի երբեմնի մամուլի քարտուղար՝ կարող եմ վկայել, որ այդ հարցերն ամենաքիչը հետաքրքրում էին Լևոն Տեր-Պետրոսյանին: Կդժվարանամ անգամ ասել՝ արդյոք նման մոտեցումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Քոչարյանի ժամանակներից գրաքննությունը ձեռք բերեց «համակարգված» բնույթ: Օրինակ, եթե որևէ հեռուստաընկերություն ստանդարտից դուրս ձևերով էր լուսաբանում 1-ին դեմքի ժապավեն կտրելու արարողությունները, կամ առավել ևս՝ եթեր էր տալիս «չարտոնված» ընդդիմադիրին, ապա այն «խիստ նկատողություն» էր ստանում Բաղրամյան 26-ից՝ անկախ Հայաստանի սուսլովներից: 2018 թվականի հեղափոխությունից հետո այդ երևույթները բարեբախտաբար վերացել են: Հեռուստատեսային եթերն այդ առումով ազատ է, և դա չնկատելու համար պետք է, հավանաբար, լինել ներկա իշխանությունների սկզբունքային «չուզողը»: Փոխարենը կա այլ երևույթ: Համացանցում իշխանության գործունեության մասին ցանկացած բացասական կամ քննադատական հիշատակում, ինչպես նաև ցանկացած ընդդիմադիր գործչի ելույթ կամ հարցազրույց ենթարկվում է զանգվածային հարձակման: Ոմանք պնդում են, որ այդ հարձակումները կազմակերպված են և ուղղորդված, ու դրանց հետ ինչ-որ առնչություն ունի կառավարության տեղեկատվական վերլուծական կենտրոնը: Հիմա, երբ աշխատանքից ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարը, իսկ դրա պատճառները, ինչպես որ դա սովորաբար լինում է, չեն հայտարարվում, այս կասկածները, այսպես ասած, թարմացել են: Այդ ամենի հակաթույնը հայտնի է. թափանցիկ դարձնել պետական բոլոր, այդ թվում՝ վերը նշված կառույցների աշխատանքը, պաշտոնների նշանակման ու ազատման պատճառները: Կարծում եմ, նաև, որ պետությունն ընդհանրապես չպետք է զբաղվի ներքին քարոզչությամբ ու հակաքարոզչությամբ, սուսլովների ժամանակն անցել է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր