Ճանապարհային ոստիկաններն ու Սյունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են 20-ամյա երիտասարդին և նրա վարած որոնվող Hyundai Elantra-ն
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 11-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ, Գորիս քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցից ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկել Գորիս քաղաքի բնակիչ, 20-ամյա Դավիթ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Hyundai Elantra մակնիշի 01 AA 109 համարանիշի ավտոմեքենայով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Դավիթ Մ.-ին և նշված ավտոմեքենան հայտնաբերելու նպատակով հունվարի 9-ին Գորիսի ոստիկանություն էր դիմել Գորիսի բնակիչ Ալետա Հ.-ն, ով հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, իրեն պատկանող նշված ավտոմեքենան, իրենց շենքի բակից՝ առանց իր գիտության, իր որդին տարել է անհայտ ուղղությամբ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ալետա Հ.-ն աշխատում է «Տաթևի թևեր» ճոպանուղում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: