8938 դիտում
16:25 22-02-2020
Ռոման Սիմովիչ. «Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ»
Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) և Տոնական նախերգանքը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում և աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է։ Այդ իսկ նպատակով երաժշտական այս տոնի շրջանակում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարում են ոչ միայն հայ մենակատարները, այլև աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ, որոնք այդ գործերը ներառում են իրենց երկացանկում՝ հետագայում հնչեցնելով տարբեր բեմերում։
Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ջութակահար Ռոման Սիմովիչը։ Նա ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ առաջատար բեմերում և նվագախմբերի հետ։ Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն է։ Նա Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտը կատարել է առաջին անգամ։ «Այս գաղափարը Սերգեյինն է. անցած տարի նա ինձ առաջարկեց սովորել երաժշտական այս մեծ ստեղծագործությունը։ Ես անմիջապես համաձայնեցի։
Ալեքսանդր Հարությունյանի այս կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ։ Այս գործի մեջ կարող ես զգալ մեծ ցավ, քանի որ այն նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զահերի հիշատակին։ Ուրախ եմ, որ այն դարձել է իմ երկացանկի մասը։ Սերգեյ Սմբատյանն անբացատրելի տաղանդ ունի. նա հստակ գիտի, թե ինչ է անհրաժեշտ անել կարճ ժամանակում նվագախմբի հետ։ Իհարկե, դա մեծ աշխատանք է պահանջում։ Նա սիրում է ռիսկի դիմել, նա շատ ազատ է, պարզ և հաճելի է նրա հետ աշխատելը։ Սերգեյ Սմբատյանը լավ դիրիժորի բոլոր որակներն ունի։ Նա մեծապես կատարելագործել է նվագախումբը՝ հասցնելով մեկ այլ մակարդակի։ Մաեստրո Սմբատյանն իրավամբ մեծ աշխատանք է կատարում Հայաստանի համար»,- ասաց Ռոման Սիմովիչը։
Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը երեկոյի ընթացքում կատարեց միջազգային մրցույթների դափնեկիր, շեփորահար Հայկ Գուրգենյանը։ Նշենք, որ այս կոնցերտը համարվում է աշխարհում շեփորի համար գրված լավագույն ստեղծագործություններից մեկը։
Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում‚ հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումը‚ տեսագրումը‚ նոտաների թվայնացումն ու պահպանումը։
Նմանատիպ նյութեր
10271 դիտում
17:50 22-02-2020
Ռոման Սիմովիչ. Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1056 դիտում
15:49 17-10-2014
Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն ինձ շատ հոգեհարազատ է. Ա. Ռոմանովսկի
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»