«Նա ունի մեծ փորձ». Բակո Սահակյանը բանակի հրամկազմին է ներկայացրել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:
Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել հաջողություններ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք: