143397 դիտում
14:29 15-03-2020
Լարված իրավիճակ Շիրակի մարզում. Գուսանագյուղի բնակիչները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, ասելով՝ պատճառը ոչ թե կորոնավիրուսն է, այլ դրսից բերված տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գուսանագյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են գյուղի միակ դպրոցի բակում և պահանջում, որպեսզի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր կողմից դպրոցի տնօրեն նշանակված Անյուտա Հովհաննիսյանի հրամանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին. «Մենք հավաքվել ենք, որ մեր բողոքը ներկայացնենք դպրոցի նոր տնօրենի նշանակման վերաբերյալ:
Մենք դեմ ենք այդ որոշմանը, ինչպես նաև դպրոցի կառավարման խորհրդի, հանձնաժողովի անդամների և նախագահի: Պահանջում ենք, որպեսզի չեղյալ համարեն հանձնաժողովի նախագահին, որոշ անդամներին, քանի որ կողմնապահություն է եղել նախկին դպրոցի տնօրեն Հենրիկ Մարգարյանի հետ համահանցակից ուսուցիչների մեծամասնությամբ:
Պահանջում ենք, որ կառավարությունը ստուգող որոշ մարմիններ ուղարկի մեր դպրոցի մանկավարժական կազմը ստուգելու համար:
Դպրոցում տիրում է անգրագիտություն, դպրոցի երեխաները ստանում են շատ թույլ կրթություն, դպրոցի որոշ մանկավարժները չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին որպես ուսուցիչ և մանկավարժ: Բազմիցս անգամ բողոքը ներկայացրել ենք մարզպետարան, ոչ մի միջոց չի ձեռնարկվել:
Միայն քրեական գործ է հարուցվել նախկին տնօրենի նկատմամբ: Նախկին տնօրենը գործից չի հեռացվել, 4 ամիս նա աշխատել է որպես տնօրեն, հետո՝ դեկտեմբերին թոշակի է գնացել: Նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար ուսմասվարը, որը նախկին տնօրենի և որոշ ուսուցիչների հետ այս վիճակի մեջ է գցել, որում գտնվում է դպրոցը ու մինչև հիմա հետևանքները շարունակվում են. ում ուզում՝ իրենք հանձնաժողովում են ընդգրկում, կառավարման խորհիդի անդամ են փոխում: Սպառնում են որոշ ուսուցիչներին, ովքեր դեմ են, ծնողներին, որ չբարձրաձայնեն, թե չէ երեխայի համար լավ չի լինի, որոշ բարեկամական կապերով, քանի որ բոլորը միմյանց բարեկամներ են, գյուղը փոքր է:
Մեր բողոքն ուղղում ենք կառավարությանը, որ այս ամենը վերացնեն որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանան: Դեմ ենք, որ նոր տնորենը նշանակվի, որոշ ուսուցիչների, ովքեր մինչև հիմա աշխատում են:
Բազմիցս անգամ ենք բողոքել, սակայն չեն լսում և հուսահատված դիմում ենք դասադուլի և ճանապարհ փակելու միջոցներին, որովհետև գտնում ենք, որ մենք էլ ենք ՀՀ քաղաքացիներ:
Խնդրում ենք կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել դպրոցի այս աղբը մաքրելու համար:
Շնորհակալ կլինենք կառավարությանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանին, եթե օրենքի սահմաններում այս հարցը լուծվի»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցում սովորում է 100-ից ավելի աշակերտ ու հիմա ծնողները հայտնում են, որ հրաժարվելու են երեխաներին ուղարկել դպրոց, քանի որ «մեր պահանջը վերջնական է և պետք է տնօրեն նշանակվի մեր գյուղի թեկնածուն, ով նրանից լավ կարող է կազմակերպել դասապրոցեսը:
Ողջ գյուղով կանգնել, պահանջում ենք, որպեսզի տնօրեն նշանակվի մեր կողմից ընդունելի թեկնածուն, մինչդեո մարզպետարանը կամ չգիտես ովքեր դրսից այլ մարդու են բերել ու փաթաթել մեր վզին: Ի՞նչ եք կարծում, երեխեն որ կուրծք է ուզում, օտարը լավ կկերակրի թե տան մարդը:
Հիմա մենք մեր երեխաների ուսման խնդիրները վստահում ենք Լուիզա Պետրոսյանին»,- նշում էին գյուղացիները:
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են, ի նշան բողոքի, փակել նաև Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկը, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասելով , որ կառավարությունը կարձագանքի իրենց խնդրին և որոշում կկայացվի ի շահ բնակչի, ի շահ գյուղացու:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+