16085 դիտում
23:15 05-04-2020
Նորայր Գևորգյան. ՌԴ մաքսային ծառայությունները ահավոր վատ վերաբերմունք ունեն հայկական բեռնատարների և բեռների նկատմամբ, քան՝ վրացական կողմը
Կա պարզ մի ճշմարտություն, որ ճգնաժամային իրավիճակներում խնդիրներն ու խոչընդոտները ավելի ցցուն ու աչք ծակող են լինում։ Այդպես է ոչ միայն մարդկանց մոտ, այլ նաև բոլոր բնագավառներում, այդ թվում պետությունների և ազգերի մոտ։
Այս ճշմարտությունը տարածվում է նաև հայկական բեռնատարների, բեռնափոխադրումների, արտահանման և ներմուծման մեր իրականության վրա, այլ կերպ ասած մեր երկրի տնտեսության վրա։
Հետևելով վերջին մեկ ամսվա արտակարգ կամ ճգնաժամային պայմաններում հարևան Վրաստանի և ԵԱՏՄ հիմնադիր անդամ և Հայաստանի բարեկամ Ռուսաստանի վերաբերմունքը ՀՀ նկատմամբ կարող ենք արձանագրել, որ մենք ունենք բավական շատ կուտակված կարևոր խնդիրներ, որոնք գուցե և այդպես էլ անտեսանելի մնային հասարակության մոտ, եթե չլիներ այս արտակարգ դրությունը։
Լինելով ԵԱՏՄ անդամ և չունենալով ոչ մի ցամաքային անմիջական կապ ՌԴ և մյուս անդամ երկրների հետ, մենք կրկնակի անգամ կարևորում ենք հայ-վրացական սահմանը, որը մեզ կապում է ՌԴ ի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Հայկական արտադրանքի սպառման հիմնական շուկան հանդիսանում է այս պահին ԵԱՏՄ երկրները, ինչպես նաև ՀՀ ներմուծվող ապրանքների մեծ մասը հանդիսանում է ԵԱՏՄ արտադրանք։
Մեր միակ բաց սահմանը ԵԱՏՄ հետ անցնում է վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսեթիայի Վերին Լարսի անցակետով, որը հայտնի է իր դժվարանցանելիությամբ հատկապես ձմռան ամիսներին։ ԵԱՏՄ ինչքան էլ չլինի իդեալական ու մեր ուզածը, ամեն դեպքում այդ կառույցը ունի իր անդամների շահերը պաշտպանող բավական շատ փաստաթղթեր ու որոշումներ։ Համաձայն այդ որոշումներից մեկի, Վերին Լարսի անցակետով ՀՀ բեռներին տրված է ընդհանուր շրջանառության 30%։ Ինչպես կան ԵԱՏՄ օդանավակայաններում հատուկ ԵԱՏՄ անդամներ երկրների քաղաքացիների համար հատուկ սահմանային անցակետեր, այդպես էլ կա նաև Վերին Լարսում։
Այս կարգը Վերին Լարսի անցակետը և նաև վրացական կողմը չի հետևել։ Մարտ ամսին հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, մենք ունեցանք մոտ 10 օր փակ սահման և 400 կուտակված մեքենա։ Պատճառներից էր նշվում եղանակային վատ պայմանները և Մառնեուլիի շրջանի կարանտինը։ Եղանակային պայմանները երբեք չեն եղել նման հերթի պատճառ, քանի որ ամեն ձմեռ Վրաստանի Կազբեգիի շրջանում եղանակները միշտ էլ այդպիսին են լինում։ Հետևաբար կարելի է ասել, որ ամբողջ հարցը կարանտինն էր, որը նույնպես վստահություն չէր ներշնչում։
Գրեթե 10 օր ոչ մի մեքենա չի հատել վրացական սահմանը, իսկ հատած մեքենաները ախտահանում և հետո ուղակցում էին դեպի Վերին Լարս։ Այն, որ այդ օրերի ընթացքում վրացական կողմը չի կարողացել ապահովվել գոնե 30-40 մեքենայի բացթողում, չի տեղավորվում, ոչ մի տրամաբանության մեջ, երբ մենք գիտենք, որ Բաթումիից դեպի Վերին Լարս ամենօրյա ռեժիմով բաց են թողնվել միչև 200 մեքենա։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վրացական մաքսային ծառայությունը աշխատում է շատ ավելի արագ, քան հայկականը և գրեթե անհամեմատելի է Վերին Լարսի ռուսական մաքսային ծառայության հետ արագության և որակի առումով, այդպես էլ անհասկանալի է թե ինչպես վրացական կողմը մոտ 10 օր փակ պահեց սահմանը։
Վիճակը շտկվեց վերջին մեկ շաբաթվա մեջ և այս պահի դրությամբ հայ-վրացական սահմաններին մենք չունենք հերթեր։
Գալով Վերին Լարսի անցակետին, պետք է նշեմ, ՌԴ մաքսային ծառայությունները ահավոր վատ վերաբերմունք ունեն ՌԴ գնացող և ՌԴ-ից Հայաստան եկող հայկական բեռնատարների և բեռների նկատմամբ, քան օրինակ վրացական կողմը։ Եթե վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում, վիճակը կարգավորվեց մի քանի օրվա ընթացքում, ապա Վերին Լարսի անցակետում արդեն 12 տարի գրեթե նույն իրավիճակն է։
Համեմատության համար նկատենք, որ բեռնատարը վրացական մաքսային ծառայության ձևակերպումները անելուց ծախսում է 1-2 ժամ, դուրս չգալով մեքենայից, մեկ պատուհան սկզբունքով, իսկ Վերին Լարսում՝ ՌԴ մաքսային տարածքում դա կարող է տևել միչև 8-48 ժամ, եթե խնդիր չես ստեղծում, իսկ եթե չես ընդունում խաղի կանոնները, ապա անհայտ ժամանակով կարող ես մնալ մաքսատանը։ Ավելորդ կուտակումները, արհեստական հերթերը, կաշառքն ու բյուրոկրատական քաշքշուկները, Բրոկերային անհասկանալի և թանկ ծառայությունները, Զննումը և բեռի մասնակի առգրավումը զննման սպառնալիքի տակ, Զննման անհասկանալի թանկ սակագները՝ համեմատած ՌԴ այլ սահմանների սակագների հետ, Բացարձակ ոչ մի առավելություն չեն տալիս ՀՀ ից արտահանված բեռի հանդեպ։
Նույնիսկ կա տպավորություն թե Վերին Լարսի մաքսատանը տեղյակ չեն ԵԱՏՄ կառույցի և ընդհանրապես այդ կառույցին մեր անդամակցության մասին։ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը, երբ հայտարարեց, թե վրացական և ռուսական կողմերի հետ պայմանավորվել են հայկական բեռների համար կանաչ միջանցք տրամադրելու մասին, նաև նշեց, որ քաղաքական պայմանավորվածությունը այլ է, իսկ իրագործելը այլ։
Ես ուզում եմ ասել, որ այո, քաղաքական պայմանավորվածությունը գործի մի մասն է, գուցե և ամենահեշտ մասը, ինչպես նաև այն բազմաթիվ ԵԱՏՄ փաստաթղթերն ու որոշումները, որոնք ՀՀ ին տալիս են առավելություն կամ գոնե չեն նվաստացնում սահմանը հատելիս, իսկ այն իրականություն դարձնելը դժվարին ու բավական բարդ գործընթաց է, որը այս պահին չի նկատվում։
Այդ է վկայում նաև այն փաստը, որ մենք ունենք ներկայացուցիչ Վերին Լարսում, ով այս առումով բավական բարդ ու դժվար գործ պետք է անի։ Մենք պարտավոր ենք օգնել նրան այս հարցում ինչպես նաև օգնել ՀՀ կառավարությանը, նշելով խնդիրները և միշտ հիշեցնելով այս կարևորագույն խնդրի մասին, քանի որ սա մեկ զանգով և մեկ պայմանավորվածությամբ լուծվող խնդիրներից չի, սա մշտական և հետևողական ուշադրության պիտի արժանանա։
Նորայր Գևորգյան
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»