211652_close_icon
views-count2727 դիտում article-date 10:39 10-06-2020

Կարևոր է, որ տրանսֆորմացիան տեղի ունենա սահուն, առանց ցնցումների․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ցանկացած հեղափոխությունից հետո հասարակության մեջ ձևավորվում է երկու հոսանք: Առաջինի ջատագովները պնդում են, որ հեղափոխությունը պետական կրոն է (ինչպիսին, օրինակ, որոշ ժամանակակից իսլամական երկրներում մահմեդականությունն է), և պետական պաշտոնյաները, այդ թվում՝ զինծառայողները և իրավապահները, պետք է համապատասխանեն այդ կրոնի պահանջներին: Մյուս տեսակետն էլ այն է, որ հեղափոխությունը պատմական իրադարձություն էր, որը եղել-վերջացել է, ձևավորվել է նոր իշխանություն, որը պետք է գործի սովորական, առօրյա ռեժիմով: Այդ երկու դիրքորոշումներից կախված՝ ընտրվում են տարբեր մոդելներ: Եթե հեղափոխությունը կրոն է, ապա պետք է լինեն քրմեր (կոմիսարներ, հեղափոխության պահապաններ), որոնց իրավունք է տրվում որոշելու՝ արդյոք տվյալ անձնավորությունը համապատասխանո՞ւմ է կրոնական պահանջներին, թե՞ նրա վարքում կան, կամ կարող են լինել կասկածելի դրսևորումներ: Այդ չափանիշները կիրառվում են նախևառաջ պետական պաշտոնյաների և ուժային կառույցների հանդեպ: Տվյալ պարագայում պետք է լինի նաև «ՉեԿա» կամ անգամ «ՉեԿա»-ներ, որոնց առաքելությունն է հայտնաբերել «հեղափոխության թշնամիներին» և ոչնչացնել նրանց: Նույն մոտեցումը ենթադրում է, որ ընդդիմության և ընդհանրապես իշխանությունների հասցեին քննադատություն չի կարող լինել. ով դեմ է իշխանությանը՝ նա դեմ է հեղափոխությանը, և, հետևաբար, այդ հեղափոխությունն իրականացրած ժողովրդին: Ընդ որում, այդ տեսակետը կարող են կիսել ոչ միայն իշխանավորները, այլև հասարակ քաղաքացիները՝ շատ պարզ տրամաբանությամբ. «Բա ինչո՞ւ է հեղափոխություն տեղի ունեցել, եթե ամեն ինչ պիտի ընթանա սովորական հունով»: Երկրորդ մոտեցումն ավելի պահպանողական է: Ըստ այդմ՝ պետական կառույցների և հատկապես՝ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցները բացարձակապես պարտավոր չեն հավատարմության երդումներ տալ հեղափոխությանը: Այնտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ, որոնք ցանկացած իշխանության դեպքում կատարում են իրենց պարտականությունները: Օրինակ, անվտանգության խնդիրները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ, ըստ էության, չեն փոխվելու տեսանելի ապագայում: Ռազմական հակառակորդը հայտնի է, տարածաշրջանային խաղացողների նպատակները նույնպես հիմնականում պարզ են: Հետևաբար, զինվորականները և հատուկ ծառայությունների աշխատակիցները (որոնք, իմ կարծիքով, նույնպես զինվորականներ են) չպիտի որևէ՝ դրական կամ բացասական, դիրքորոշում ունենան հեղափոխության հանդեպ. նրանք պարտավոր են հնարավորինս բարձր որակով լուծել այն յուրահատուկ խնդիրները, որոնք իրենց առջև դրված են: Ուզենք, թե չուզենք, բոլոր պետությունները հեղափոխություններից հետո շարժվում են առաջին՝ «արտակարգ» ռեժիմից դեպի երկրորդ՝ «սովորական» ռեժիմը: «Արտակարգը» հենց այն պատճառով է կոչվում արտակարգ, որ ժամանակավոր է: Կարևոր է, որ այդ տրանսֆորմացիան տեղի ունենա սահուն, առանց ցնցումների»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր