211652_close_icon
views-count5764 դիտում article-date 12:08 01-07-2020

Տարբեր շրջանակներից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձեր են արվում. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձէ հղել դատախազության աշխատողի օրվա եւ ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ: Ստորեւ ներկայացնում ենք շնորհավորանքի տեքստը. «Դատախազության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, համակարգի հարգելի վետերաններ: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատակցի օրվա, ՀՀ դատախազության համակարգի կազմավորման 102-րդ ամյակի կապակցությամբ: Ցավոք, մոլեգնած կորոնավիրուսային համավարակի պատճառով, բոլորիս առողջության եւ անվտանգության հրամայականից ելնելով, այս տարի ստիպված եղանք հրաժարվել ՀՀ գլխավոր դատախազությունում հավաքվելու, ջերմ մթնոլորտում իրար անձնապես շնորհավորելու, մեր անցած ճանապարհն արժեւորելու, ձեռբերումները, բացթողումները համատեղ գնահատելու եւ նոր նախանշումներ կատարելու գեղեցիկ ավանդույթից՝ վստահությամբ, որ գալիք տարում համավարակը հաղթահարելու ուրախությամբ կլրացնենք այդ բացը: Մեր ժողովրդի հետ կիսելով այս իրավիճակի հարուցած բոլոր բարդություններն ու սահմանափակումները՝ դուք անխոնջ շարունակում եք կատարել Ձեր մասնագիտական պարտքը՝ առաջնորդվելով մեր երկրի իրավական անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարը որեւէ պարագայում չթուլացնելու հրամայականով։ Շնորհակալ եմ Ձեր ցուցաբերած տոկունության, իրավական պետության կերտմանը ձեր հավատարմության եւ դատախազության՝ իբրեւ միասնական օրգանիզմի գաղափարը գործի ու արդյունքի վերածելու ձեր ընդհանրական համոզմունքի համար։ Հպարտությամբ եմ արձանագրում ծառայության ընթացքում բոլոր տեսակի վայրիվերումների, տարբեր շրջանակների կողմից տարատեսակ մանիպուլյացիաներով մեզ հավասարակշռությունից հանելու փորձերի, շատ դեպքերում դատախազության իրավասություններից ու գործառույթներից ճչացող անտեղյակությամբ համեմված անհիմն մեղադրանքների հանդեպ ձեր խորին զսպվածությունն ու չեզոքությունը, բացառապես մասնագիտական դաշտում մնալու ձեր ընդհանրական վարքագիծը, որը համակարգի կայունության, կենսունակության կարեւորագույն գրավականներից է։ Շնորհակալություն ահռելի ծանրաբեռնվածության ու պատասխանատվության բեռի պայմաններում հանուն ձեր մասնագիտական ու պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ եւ ազնվիրաբար կատարման, ցուցաբերած համբերատարության համար, այն զոհողությունների համար, որոնք ձեզ հետ միասին լուռ արժանապատվությամբ կիսում են ձեր ընտանիքի անդամները, ամենահարազատ ու մտերիմ մարդիկ։ Այսօրվա խորհուրդը բացառիկ է նրանով, որ ազդարարում է դատախազության՝ 21-րդ դարի 3-րդ տասնամյակ թեւակոխումը, ինչը մեզնից պահանջում է իրավական մտքի զարգացմանը, հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերներին, իրավական պետության կառուցման, իրավակարգի ամրապնդման մեր ժողովրդի իդեալներին եւ ձեւակերպած նորովի պահանջներին ընդառաջ համակարգային զարգացման տեսլականի արդիականացում: Դատախազությունը քրեական վարույթի ողջ շարժընթացը հսկող, իրավահենության արժեքներով առաջնորդվող սլաքավարն է, որն իր ամենօրյա, մեծամասամբ անտեսանելի աշխատանքով կենսագործում է օրենքի գերակայության, իրավահավասարության, պատժի անխուսափելիության, պետության գույքային իրավունքների պաշտպանության հիմնարար գաղափարները: Նոր տասնամյակում դատախազությունը լիարժեքորեն պետք է իրացնի քրեական քաղաքականության արդիականացման յուրօրինակ «ուղեղային կենտրոնի» դերը: Մեր նախընթաց գործունեությամբ, արդեն դրել ենք դրա հիմքերը՝ անգամներով բազմապատկերով օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների նախաձեռնություններով հանդես գալը, միջազգային փորձի հենքին մշակվող եւ Վճռաբեկ դատարան ներկայացվող այնպիսի միջնորդությունները, որոնցում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա կարող է զարգանալ ներպետական նախադեպային իրավունքը: Մեր հիմնական առաջնահերթություններից է մնում քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության եւ որոշակիության ապահովումը, օրենքի առջեւ ընդհանուր հավասարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների անշահախնդիր կենսագործման մեր հավատամքի հանդեպ հանրային վստահության եւ աջակցության ամրապնդումը: Քրեական դատավարությունում հանրային եւ մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռման մեր առանցքային գործառույթի անշեղ իրականացումը պիտի հանգեցնի իրապես օրինականության սկզբունքներին դատախազության եւ յուրաքանչյուր դատախազի նվիրվածության հանրային ընդհանրական գիտակցության եւ հավատի ձեւավորմանը: Այս ճանապարհին մեր իրավասությունների բարեխիղճ իրականացումը բավարար չէ, այլ պետք է տեսանելի դառնա այդ արժեքներին ամեն օր հավատարմորեն ծառայելով, մեր մաքրակենցաղությամբ, օրինապաշտության ու պետականապաշտության, քաղաքացիական պատասխանատվության անձնական օրինակով: Պատմական ամենաառանցքային շրջափուլերում, երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջաններում դատախազությունը բացառիկ կարեւոր դերակատարում է ստանձնել։ Եվ այսօր էլ մենք լիարժեք պատասխանատվություն ենք վերցրել ներքին իրավական կայունության ապահովման, հանրության ու պետության օրինական շահերի վերականգնման ու պաշտպանության հարցում։ Մենք հպարտությամբ ստանձնել ենք միջազգային պարտավորություններին եւ օրենքի տառին բացարձակ համապատասխան պետությունից տարիներով գողացված հարստությունն իր օրինական տիրոջը վերադարձնելու գործառույթը։ Չպետք է լինի որեւէ տարակույս, որ սոցիալական արդարության վերականգնման այս գործընթացում դատախազությունը լինելու է աներեր ու վճռական։ Մեր մտավոր ռեսուրսները, կամքը եւ ինստիտուցիոնալ կայացվածությունը ավելի քան բավարար են դրա համար։ Մենք կանգնած ենք ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն հանցավոր կայուն սխեմաները կազմաքանդելու անշրջելի գործընթացի կիզակետում։ Որեւէ անհատ, հասարակական կամ քաղաքական միավոր, պետական որեւէ ծառայող չպետք է ունենա սքողված կամ անսքող հանցավոր որեւէ հավակնություն ինչպես պետական ու հանրային ռեսուրսների, լծակների յուրացման, այնպես էլ պետության ներքին ու արտաքին անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու հարցում։ Նման փորձերի դեպքում պետությունը չի հապաղելու ողջ ծանրությամբ գործադրել իր պատժիչ բռունցքը։ Նույնպիսի հետեւողականությամբ մենք չենք հանդուրժելու նաեւ մեր համակարգում դատախազի վարկը, կերպարը, ուսադիրի պատիվն արատավորող հանցավոր որեւէ դրսեւորում, որովհետեւ առաջին հերթին մեր օրինակով ենք փաստելու նոր, առողջ, անվտանգ միջավայրի ամրապնդման անայլընտրանք լինելու իրողությունը։ Հասարակական հարաբերությունների կարգավորման միակ լեգիտիմ միջոցը իրավական համակարգն է: Օրինապահ, քաղաքացիակենտրոն հասարակության կերտման մեր ընդհանուր ճանապարհին հանցավոր ենթամշակույթի բարքերը, կանոնները պետք է ոչնչացվեն արմատից, եւ այդ պայքարում մնում ենք դրոշակակիր՝ կանգնած առաջնագծում իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված։ Այս չարիքների դեմ հայտարարված պատերազմում մենք հաղթելու են՝ որպես զենք ունենալով մեր պրոֆեսիոնալիզմը, խիղճը, արդարամտությունը, բարոյականությունը եւ մեր ժողովրդի վստահությունը։ Սիրելի՝ գործընկերներ, թանկագին վետերաններ, Կրկին շնորհավորելով այս նշանակալի օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անձնական եւ գործնական հաջողություններ ու ձեռբերումներ՝ մեր բազմադարյա եւ պաշտելի երկրում։ Ցանկանում եմ պատվաբեր ծառայություն՝ մեր կոչմանը, մեր հզոր ժողովրդին անմնացորդ նվիրումին համատարիմ՝ ի շահ հայոց պետականության հարատեւության, նրա լուսավոր ու պայծառ ապագայի։

Նմանատիպ նյութեր