211652_close_icon
views-count2601 դիտում article-date 17:37 27-07-2020

Լուկաշենկոյի անվտանգության ծառայության նախկին պետը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

Մինսկի դատարանը Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի նախկին տեղակալ Անդրեյ Վտյուրինին մեղավոր է ճանաչել 192․000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու համար և նրան դատապարտել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում: Այս մասին տեղեկացնում է [url=https://news.tut.by/society/694205.html]tut.by[/url] կայքը: Վտյուրինի և ևս 15 այլ մեղադրյալների դատավարությունն ընթանում էր մարտի 10-ից: Կաշառք փոխանցելու և ստանալու համար մեղադրվում էին պետական կառույցների և բանկերի 8 պաշտոնատար անձինք և առևտրային կառույցների ևս 8 ներկայացուցիչ: Ապօրինի վճարները կապված են հեռահաղորդակցային սարքավորումների, համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման հետ: Մյուսների դատավճիռը նույնպես հրապարակվել է այսօր, նրանք ազատազրկվել են 2-ից 7 տարով: «Ըստ պետական մեղադրանքի` ամբաստանյալներից ոմանք կաշառք են ստացել անհրաժեշտ սարքավորումներ մատակարարելու համար, իսկ մյուսները կաշառք են տվել շահութաբեր պայմանագիր կնքելու հնարավորություն ունենալու համար: Ինչպես հաղորդել է Պետանվտանգության կոմիտեն, կաշառք վերցնողներից առգրավվել է ավելի քան 1,65 միլիոն դոլար, 62 հազար եվրո, ավելի քան 1 կգ ոսկի»,-ասված է հաղորդագրության մեջ: 2007-2014 թվականներին Վտյուրինը ղեկավարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անվտանգության ծառայությունը: 2014-ի սեպտեմբերից մինչև 2019-ի ապրիլը նա եղել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ և Ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ: 2019-ի ապրիլին Լուկաշենկոն պաշտոնանկ էր արել նրան, իսկ դրանից հետո նրան կալանավորել էին: Վտյուրինի հետ միասին ձերբակալվել է «Բելտելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սիվոդեդովը, նրանց կասկածել էին Ռուսաստանի քաղաքացիներից կաշառք վերցնելու համար: Ազգային անվտանգության ծառայության տվյալներով` Վտյուրինին ձերբակալել են ռուսական ընկերության կողմից հանրապետությունում իր շահերն առաջ տանելու համար 148․600 դոլար կաշառք ստանալու պահին, իսկ Սիվոդեդովը վերցրել է 15․000 եվրո ՝ հեռահաղորդակցային սարքավորումների մատակարարման հարցում օգնելու համար: Նրանց գործերը կապված են:

Նմանատիպ նյութեր