211652_close_icon
views-count1072 դիտում article-date 10:36 26-08-2020

«Ռեթրիթի» հայկական տարբերակը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արևմուտքի որոշ շրջանակներում բավականին տարածված է արձակուրդ անցկացնելու հետևյալ ձևը. համապատասխան հնարավորություններ ունեցող մարդիկ իրենց արձակուրդն են անցկացնում Տիբեթում, Թայլանդում կամ նմանատիպ այլ վայրերում: Այդ մարդիկ իրենց հետ չեն վերցնում հեռախոսներն ու համակարգիչները, մեկ ամսով կտրում են իրենց կապերն արտաքին աշխարհի հետ, ապրում են վանականների կյանքով, զբաղվում են մեդիտացիայով և այլ գործունեությամբ, որը նախատեսված է որոշակի արևելյան հոգևոր ուսմունքներով: Դրանց կարևորագույն առանձնահատկությունը փոքր-ինչ պարզեցնելով՝ կարելի է ձևակերպել այսպես. երբ մարդը կենտրոնանում է տվյալ պահին կատարվող իրադարձության վրա, մասնավորապես, ուշադրություն է դարձնում իր մարմնին, շնչառությանը, նա կարողանում է «մտքից հանել» անցյալն ու ապագան՝ սկսած նրանից, թե ինչ տհաճ խոսակցություն է ունեցել անցած շաբաթ հիմնարկի ղեկավարի հետ և վերջացրած այն «կանխատեսումներով», թե ինչ է վաղն առավոտյան ուտելու նախաճաշին: Հայաստանցիներիս մեծ մասի համար այդ տեսակի «ռեթրիթները» (retreat` այդ միջազգային եզրույթն են սովորաբար կիրառում նման հոգևոր վարժությունների համար) կիրառելի չեն մի քանի տեսանկյունից: Նախ՝ իհարկե, շատ քչերն են կարող իրենց շռայլություն թույլ տալ մեկամսյա արձակուրդ անցկացնել հեռավոր տարաշխարհիկ վայրում: Երկրորդ՝ հայ առաքելական ուսմունքի հետևորդներս վերապահումներ ունենք հոգևոր այլ ուսմունքների հանդեպ (չնայած այդ «ռեթրիթները» որևէ մեկից կրոնափոխություն չեն պահանջում): Եվ վերջապես, մենք ունենք հոգսերից կտրվելու մեր մշակույթը, որի կարևոր բաղկացուցիչ մասն է կալորիական սնունդ ընդունելը և ոգելից խմիչքներ օգտագործելը: Հաճախ այդ մշակույթն ունի նաև հոգևոր բաղադրիչ, որը մենք անվանում ենք «ուխտագնացություն» հնչեղ անունով. ուտել-խմելը կազմակերպվում է վանքերից ոչ հեռու՝ այդ վանքերն այցելելուց և մոմ վառելուց առաջ կամ հետո: Մի խոսքով, Արևմուտքում ընդունված (և սովորաբար Արևելքում իրականացվող) «ռեթրիթը» մեզ համար չէ: Դրա փոխարեն ևս մեկ անգամ առաջարկում եմ «դետոքսիկացիայի» իմ տարբերակը, որը նյութական միջոցներ չի պահանջում և մեր հոգևոր ավանդույթներին ու մշակույթին չի հակասում. շաբաթը մեկ անգամ, մեկ ամբողջ օրով անջատել հեռախոսները և մյուս սարքավորումները, որոնք կապ են ապահովում արտաքին աշխարհի հետ: Այսօր այդ մեկօրյա «դիետան» շատերին (հատկապես երիտասարդներին) կարող է ծանր թվալ՝ մարդիկ սովոր են ամեն վայրկյան կապի մեջ լինել, և եթե 10 րոպե ոչ մի հաղորդագրություն, մեկնաբանություն կամ զանգ չեն ստանում, իրենց դժբախտ են զգում: Բայց, եթե նրանք կարողանան իրենց մեկ օր զսպել, ապա հաջորդ օրն աշխատանքի կվերադառնան պայծառ, չպղծված մտքով: Ասված է, չէ՞, վեց օր աշխատել, մեկ օր հանգստանալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր