246730 դիտում
10:48 28-08-2020
Քրեական աշխարհում հայտնի հայ «օրենքով գողերն ու հեղինակությունները» չեն դիմանում Ազգային անվտանգության և Քրեակատարողական ծառայությունների «տոռնադոյին»
Արդեն տևական ժամանակ լուրջ զարգացումներ են սկսվել քրեական աշխարհում, որի ներկայացուցիչները փորձում են դիմագրավել իրավապահներին, ինչը կարծես թե այդքան էլ չի ստացվում։
Քրեական աշխարհի համար առաջին մտահոգիչ տեղեկությունները ստացվեցին քրեակատարողական հիմնարկներից, որտեղ տասնյակ տարիներ դրության տերը «զոն նայողներն» էին։ «Օրենքով գողերն» ու «քրեական հեղինակությունները» հենց նրանց միջոցով էին վերահսկողություն սահմանել հիմնարկներում, որտեղ կազմակերպում էին մոլախաղեր և հավաքում «օբշակի» գումարներ։ «Զոն նայողների» համար ապահովված էին կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի արտոնյալ պայմաններ, նրանք անգամ «շմոնի» չէին ենթարկվում։
Քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո ՔԿԾ-ն ու իրավապահ ողջ համակարգը նախապատրաստական աշխատանքներից հետո սկսեց գործողությունների շարք։
Առաջին ծիծեռնակներից մեկը քրեակատարողական համակարգում առավել հեղինակություն վայելող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողներ» «Նվերիկի» և «Վաչիկի» աստիճանազրկումն ու «Երևան-Կենտրոն» տեղափոխումն էր։ Բայց, ինչպես ասում են, «Свято место пусто не бывает» - քրեական աշխարհն անմիջապես փորձեց ոչ միայն նոր «զոն նայող» կարգել, այլև պահեստային տարբերակն էլ պատրաստել։
Սակայն այս անգամ էլ Քրեակատարողական ծառայությունը «փաթեթային» պատասխան տվեց` խուզարկությունների շարք սկսելով «Ամերիկացի Ալենի», «Կիլիկիացի Հարութիկի», «Յոնջլախցի Նորոյի» և «Ամերիկացի Արթուրի» խցերում։
Դրան զուգահեռ նույնպիսի բախտի արժանացան Վանաձորում` «Ցուլը» և «Վայենկոմիչը», Արմավիրում` «Սմբոն», «Անդուլիկը», «Արշակունին», «Տոլիկը» և «Վիտուշը», Արթիկում` «Զապի եգան Արտյոմիկը», «Հոկտեմբերյանցի Նժդեհը», «Կիրովականցի Կոկոն», «Հոկտեմբերյանցի Արթուրը» և «Սուրիկի տղա Արտուշը», Կոշում` «Ավանցի Արսենը», ինչպես նաև շատ ուրիշներ։
Դրանից հետո հերթը հասավ նաև «ծանր հրետանուն»` Քրեակատարողական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, մեկը մյուսի հետևից, արդեն որս սկսեցին «օրենքով գողերի»` «Ալոյի», «Զապի» և «Օշականցի Գևորիկի» նկատմամբ։
Ըստ մեր աղբյուրների` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սկսել են խցեր դատարկել, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստում են հատուկ առանձնացված հատված, ինչը վկայում է, որ իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական աշխարհին մեկուսացնել բոլորից և պահել հատուկ խստության և հսկողության պայմաններում։ Կատարվող աշխատանքների ծավալները վկայում են նաև, որ բացահայտումներն ու ձերբակալությունները դեռ նոր են սկսվում։
Բնականաբար այդ ամենը քաջ գիտակցում է նաև քրեական աշխարհը և իր հերթին փորձում է հակաքայլեր մշակել։ Արդեն տեղեկություններ կան, որ «օրենքով գողերը» և «քրեական հեղինակությունները» փորձում են ցուցադրական չեզոքություն պահպանել և լուրեր են տարածում, որ պարզաբանումների համար այլևս իրենց չդիմեն, քանի որ ուժեղ հսկողության տակ են և չեն կարող միջամտել կամ օգնել: Սակայն դրան զուգահեռ նաև փորձեր են անում այլ դատապարտյալների ու կալանավորների օգտագործմամբ բողոքի ակցիաներ կազմակերպել և հասարակության մեջ դժգոհություն հրահրել, թե ՔԿՀ-ներում բռնություն է գործադրվում` այդպիսով նպատակ ունենալով ներազդել իրավապահների վրա և ստիպել ձեռնպահ մնալ հետագա գործողություններից։
Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այդ զարգացումներն ու խորամանկությունները նույնպես իրավապահ մարմինները ֆիքսում և արձանագրում են, ենթադրվում է, որ վերջում դա հենց նույն «օրենքով գողերի» և «քրեական հեղինակությունների» մեղադրանքների հիմքում է դրվելու, քանի որ այդպիսով մեկ անգամ ևս հաստատվում է, որ կազմակերպիչները քրեական աշխարհում որոշակի դիրք են զբաղեցնում և հենց իրենց հեղինակությամբ պայմանավորված են ուղղորդում այլ անձանց։ «Օրենքով գողերը» և «քրեական հեղինակությունները» նույնպես արդեն սկսել են կռահել, որ իրենց իսկ փորած փոսն են ընկնելու, ուստի մտադրված են հրաժարվել և հերքել իրենց մասնակցությունն այդ ամենին` ամբողջ պատասխանատվությունը բարդելով իրենց ուղղորդմամբ գործած դատապարտյալների ու կալանավորների վրա։
Մեր աղբյուրները վկայում են նաև, որ զարգացումների նման ընթացքով պայմանավորված լուրջ հակասություններ են ծագել մի կողմից դատապարտյալների ու կալանավորների, մյուս կողմից` «զոն նայողների» ու «քրեական հեղինակությունների» միջև, նրանք սկսել են իրար մեջ պարզաբանումներ անել, թե «օրենքով գողերի» չեզոքության պայմաններում ինչու պետք է իրենք սադրանքներ հրահրեն։ «Զոն նայողներն» ու «քրեական հեղինակությունները», իրենց հերթին, պարզաբանումների են սպասում «օրենքով գողերից», ովքեր էլ վախենալով մերկացումից, ոչ միայն անարձագանք են թողնում հարցադրումները, այլև փորձում են համագործակցության գնալ ավելի ուժեղ կողմի` իրավապահ մարմինների հետ։
Ինչպես ռուսը կասեր` «Кто кого»։ Մի բան արդեն ակնհայտ է` իրավապահներն իսկապես լրջորեն են նպատակադրվել ազատվել «գլխացավանքից»` քրեական աշխարհից և այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու։
Հ.Գ. Նյութի նախապատրաստման ժամանակ Արդարադատության նախարարը հրապարակային ազդարարեց անզիջում պայքարի մասին` մեկ անգամ ևս նախազգուշացնելով որ այն լինելու է թե համաչափ և թե կոշտ։