1442 դիտում
13:55 28-08-2020
Արցախի ՄԻՊ-ը և ԱԺ նախագահը նախաձեռնել են քննարկում համավարակիպայմաններում կրթության իրավունքի վերաբերյալ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ օգոստոսի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրները և լուծումները» թեմայով քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, կրթության ու առողջապահության ոլորտների պատասխանատուներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ շեշտադրելով քննարկվող հիմնախնդրի կարևորությունը բազմաթիվ քաղաքացիների իրավունքների իրացման համար:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, կարևորելով հանրային քննարկումների դերը տարբեր հիմնախնդիրների լուծման գործում, նշել է, որ իրենց կողմից քննարկումների կազմակերպումը պարբերական բնույթ է կրելու՝ մարդու իրավունքներին առնչվող տարբեր օրախնդիր թեմաների շուրջ:
«Այսօրվա քննարկվող թեմայի համար առանցքային նշանակություն ունեն կրթության իրավունքն ու երեխայի լավագույն շահերի սկզբունքը, և պետք է հասկանալ, թե որտեղ է դրանց միջև հավասարակշռությունը: Հարկ է հիմնախնդիրը դիտարկել երկու տեսանկյուններից. առաջինը կրթության իրավունքի հետ ուղիղ կերպով առնչվող այլ իրավունքներն ու դրանցով պայմանավորված վտանգներն ու հետևանքներն են, իսկ երկրորդը՝ առողջության պահպանման իրավունքին վերաբերող վտանգները: Վերջիններս, ցավոք, մեծապես պայմանավորված են անորոշություններով՝ դժվարեցնելով արդյունավետ որոշումների կայացումն ու իրականացումը: Մենք, որպես որոշում կայացնողներ և հասարակության ակտիվ անդամներ, պետք է փորձենք գտնել և առաջարկել արդյունավետ լուծումներ»,- իր խոսքում ընդգծել է Ա. Բեգլարյանը:
Խոսելով ուսուցման եղանակի մասին՝ Պաշտպանը նշել է, որ կենդանի կրթությունը, բնականաբար, շատ ավելի նախընտրելի է, քան՝ առցանցը. ուստի, պետք է հնարավորինս անել անվտանգ կենդանի կրթություն ապահովելու ուղղությամբ՝ զուգահեռաբար բարելավելով առցանց կրթության համար անհրաժեշտ մասնագիտական ու տեխնիկական պայմանները՝ համավարակի հնարավոր սրացմանն ավելի պատրաստ լինելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը, շեշտադրելով վաղ տարիքի երեխաների ավելի մեծ խոցելիությունն առկա սահմանափակումների պայմաններում, ընդգծել է նախադպրոցական կրթության արդյունավետ կազմակերպման և ընդունելության հանդեպ պետության լրացուցիչ ուշադրության և ջանքերի անհրաժեշտությունը:
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և քննարկման մի շարք այլ մասնակիցներ ևս հանդես են եկել ելույթներով, ծավալվել է շահագրգիռ քննարկում տարբեր հարցերի շուրջ: Լիազոր մարմինների ներկայացուցիչները խոստացել են հաշվի առնել քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու փաստարկները:
Նմանատիպ նյութեր
886 դիտում
20:15 13-02-2023
ՄՊՀ-ն նախաձեռնել է «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրության կիրառումը» խորագրով քննարկում
Այս բաժնից
1354 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1162 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1597 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է