211652_close_icon
views-count2748 դիտում article-date 13:17 15-09-2020

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվողները կտուգանվեն պայմանագրեր չունենալու դեպքում

Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը. Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռևս սպառված չէ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սևանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչև սեպտեմբերի 16-ը հայտեր ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ, ապա պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն օրինական կարգով իրականացնելու համար։ «Կարգի գործարկման պահից՝ սեպտեմբերի 18-ից, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սևանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։ Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու և վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա և ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։ Նախագծում իրականացված լրացումների համաձայն․ - Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։ - Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։ - Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։ Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։ Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր