211652_close_icon
views-count1652 դիտում article-date 10:25 26-09-2020

Ազատ մտածող մարդիկ պետք է իրե՛նք գիտակցեն, թե ուր են գնում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իշխանական թիմի երեք ներկայացուցիչների՝ պաշտոնից կամ մանդատից հրաժարվելու մասին խոսակցությունը ես ուզում եմ սկսել… կրթական չափորոշիչներից: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ ի հեճուկս տարածված տեսակետների, ես կարծում եմ, որ հայեցակարգային տեսանկյունից դրանք կարող են տանել կրթությունը ճիշտ ուղղությամբ: Առաջարկվող բարեփոխումների առանցքում է ինքնուրույն մտածող մարդկանց դաստիարակելը՝ նպատակ, որի համար արժե մեծ ջանքեր և մեծ գումարներ ներդնել: Բայց այդ հրաշալի նպատակն իրագործելու համար պետք են բարձր կարգի ուսուցիչներ՝ մարդիկ, որոնք տիրապետում են բազմակողմանի գիտելիքների և ամեն օր կատարելագործում են դրանք, որոնք օժտված են մանկավարժական տաղանդներով, և վերջապես՝ մարդիկ, որոնք ոգեշնչված են իրենց բարձր առաքելությամբ: Ես վստահ չեմ, որ հիմա կամ մոտակա մի քանի տարվա ընթացքում նման ուսուցիչները Հայաստանում մեծամասնություն կկազմեն: Սակայն այդ ճանապարհով գնալու համար միայն կրթական համակարգը բարեփոխելը քիչ է: Վստահ եմ, որ պետք է բարեփոխել պետական համակարգը և հասարակական կյանքը: Որովհետև եթե պետական պաշտոններում կամ խորհրդարանում մենք չենք հանդուրժում ինքնուրույն մտածող, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերող մարդկանց, ապա դժվար է պատկերացնել, որ դա կխրախուսվի հանրակրթական և բուհական ոլորտում: Աշոտ Բլեյանին կարելի է մեղադրել հազար ու մի մեղքերի մեջ, բայց ոչ մեկի լեզուն, կարծում եմ, չի պտտվի ասել, որ նրա մտածողությունը շաբլոն է: Թե՛ կոմունիստների ժամանակ, և թե՛ անկախ Հայաստանում նա, որոշակի դիմադրություն հաղթահարելով, կարողանում էր իրագործել իր ոչ ստանդարտ գաղափարները: Եվ հանկարծ այն իշխանության ժամանակ, որի համար նա, կարծես թե, պետք է առավել հոգեհարազատ լիներ, առաջանում են լուրջ լուրջ խնդիրներ: Թե որ հարցերում են Սմբատ Գոգյանը, Գայանե Աբրահամյանը և Արսեն Ջուլֆալակյանը ճիշտ կամ սխալ, կարելի է երկար քննարկել, բայց մի բան պարզ է՝ նրանք վառ անհատականություններ են՝ մարդիկ, որոնք մեխանիկորեն չեն կրկնի «վերևներից» հնչող բանաձևերն ու կարգախոսները: Դա լա՞վ է, թե՞ վատ: Թե՞ ինքնուրույնությունն ու սկզբունքայնությունը խրախուսվում է միայն կրթական չափորոշիչներով: Մյուս կողմից էլ՝ ազատ մտածող մարդիկ պետք է իրե՛նք գիտակցեն, թե ուր են գնում և ինչ է նրանցից պահանջվելու: ․․․ Ես չեմ կարող աշխատել որպես քաղաքական գործիչ, ինչպես նաև՝ որպես փականագործ, կրկեսի արտիստ կամ ճանապարհային ոստիկան: Դա չի նշանակում, որ այդ մասնագիտությունների մարդիկ ինձնից ինչ-որ բանով ավելի են կամ պակաս, կամ՝ որ մեր երկրին քաղաքական գործիչներ, արտիստներ կամ «գաիշնիկներ» պետք չեն: Պարզապես ես հասկանում եմ, որ դա իմը չէ: Անշուշտ, մեզ պետք են նաև վարչապետեր, քաղաքապետեր, թաղապետեր և զանազան այլ պետեր՝ ընդհուպ մինչև ԺԵԿ-ի պետ: Հայաստանի բնակչության 90 տոկոսն ուզում է լինել ինչ-որ բանի պետ, և այդ 90 տոկոսից միայն 10-ը կարող է աշխատել այդ «պետ»-ական պաշտոններում: Իսկ բնակչության 10 տոկոսը, ինձ նման, ո՛չ կարող է, ո՛չ էլ նման ցանկություն ունի: Ամենաբարդ խնդիրն է՝ որ մարդ ինքն իրեն ճանաչի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր