211652_close_icon
views-count20099 դիտում article-date 09:37 29-09-2020

Հնարավոր է արդյոք Արցախյան հակամարտության ընդլայնում. «Ամերիկայի ձայն»

Ամերիկացի վերլուծաբաններն ու նախկին դիվանագետները քննարկում են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն ու տարածաշրջանային տերությունների ներգրավումը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5601562.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվում են արյունալի բախումներ: Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ: ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը պետքարտուղարության հայտարարության մեջ նախազգուշացնում է՝ երրորդ ուժերի ներգրավումը հակամարտությունում կնպաստի տարածաշրջանային լարվածության աճին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկը իրավիճակը գնահատում է ծայրահեղ լարված: Մտահոգիչ են հակամարտության ընդլայնման հավանականությունն ու կիրառվող մահացու զինատեսակները, որոնք սպառնում են նաև խաղաղ ազգաբնակչությանը: Բանակցային գործընթացն ու կողմերի միջև կապի բացակայությունն, ըստ դեսպան Ուորլիկի, հանգեցրեց ռազմական բախումների վերսկսմանը: Վատագույն սցենարի պարագայում, ըստ դեսպանի, դրանք կարող են ներառել նաև տարածաշրջանային երկրները: «Կողմերը պետք է հավատարիմ լինեն խաղաղությանը և լուրջ բանակցային գործընթաց նախաձեռնեն, որը տեղի չէր ունենում որոշ ժամանակ»,- ասում է Ուորլիկը: Սակայն վերլուծաբան Փոլ Սթրոնսկին լարվածության հիմքում է տեսնում մի շարք գործոններ, ներառյալ կողմերի միջև լարվածության ու ագրեսիվ հռետորաբանության աճը վերջին շրջանում, միջազգային իրավիճակի սրումն ու մեծ քանակությամբ մահաբեր զենքերի կուտակումը կողմերի ձեռքում: Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը կորոնավիրուսի համավարակի պայմաններում ևս զգալիորեն նպաստեց այս զարգացումներին: Մասնվորապես, Ադրբեջանում, ըստ վերլուծաբանի, տնտեսական դժվարությունները խափանեցին պետության և հասարակության միջև հաստաված սոցիալական պայմանագիրը, ըստ որի, ժողովրդավարության բացակայությունը փոխարինվում էր սոցիալական բարեկեցությամբ և Ղարաբաղի վերադարձի խոստումներով: Ըստ վերլուծաբանի, պատերազմը հնարավորություն է տալիս շեղել հանրության ուշադրությունը նման խնդիրներից: Հակամարտության ընդլայնման առումով Փոլ Սթրոսկին ընդգծում է՝ Թուրքիան և Ռուսաստանը չեն ցանկանում ուղակիորեն ներգրավվել հակամարտության մեջ միմյանց դեմ, սակայն Անկարայի կատաղի աջակցությունը Բաքվին ստեղծում է նման վտանգ: Վերլուծաբանի կարծիքով նման սցենարից խուսափելու համար դիվանագիտական տարբեր խողովակներով այժմ ընթանում են քննարկումներ, քանի որ լայնածավալ տարածաշրջանային բախումը Հարավային Կովկասում չի բխում որևիցէ մեկի շահերից:

Նմանատիպ նյութեր