28189 դիտում
19:50 07-10-2020
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը սգում է Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ վիրավորում ստացած փրկարարի մահը
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և նախարարության բոլոր աշխատակիցները խորապես սգում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանի մահը:
Հովիկ Աղաջանյանի կյանքի համար օրեր շարունակ պայքարեցին Ստեփանակերտի, ապա նաև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները: Ցավոք, նրա կյանքը չհաջողվեց փրկել:
Նա վիրավորվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ, երբ, մասնավորապես մասամբ վնասվել էր ԱԻ ՊԾ վարչական տարածքը:
Մեր խորին վշտակցությունը Հովիկի ընտանիքին, նրա հարազատներին ու գործընկերներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/10/07/1166831/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ 2020թ սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության և խիզախության համար՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մասի 3-րդ պահակախմբի վարորդ-փրկարար, ավագ ենթասպա Հովիկ Յուրիի Աղաջանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:
Հովիկ Աղաջանյանն իսկական փրկարար էր, հայրենասեր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված էր պատասխանատվության բարձր զգացումով: Գործընկերների խոսքերով` հատկապես այս օրերին, խիզախությունը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականությունը:
Հովիկ Յուրիի Աղաջանյանը ծնվել էր 1994թ. դեկտեմբերի 20–ին, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում: Նա ամուսնացած չէր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+