3448 դիտում
20:35 14-11-2020
Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի և վիրավոր զինծառայողների բուժօգնության հարցերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:
«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:
Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: «Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:
Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին և հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:
Նմանատիպ նյութեր
1874 դիտում
19:10 21-10-2019
Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում. Արսեն Թորոսյանը գոհ չէ
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին