211652_close_icon
views-count1091 դիտում article-date 17:39 22-02-2021

Դատախազությունը իրազեկում է քաղաքացու կողմից խարդախություններ կատարելու մասին և կոչ անում զգուշանալ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված ահազանգերի և հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020թթ. ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և շարունակում է նույն եղանակով խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը.

«Մասնավորապես՝ Մ.Անանյանը, խաբեությամբ գումարներ հափշտակելու նպատակով ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատեր, տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ և դրանց արձագանքած քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերում էլեկտրոնային եղանակով իր կողմից նշած հաշվեհամարներին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը:  Պայմանավորված գումարը ստանալուց հետո հափշտակում է այն:

Վերը նշված եղանակով խարդախություններ կատարելու համար Մ.Անանյանի վերաբերյալ առկա են նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Սակայն վերջինս ներկայումս գտնվում է ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի կատարումը հետաձգվել է՝ մինչև նրա մանկահասակ երեխայի 3 տարին լրանալը, իսկ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

Նկատի ունենալով, որ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգեր ստացվել Մ.Անանյանի կողմից  վերոհիշյալ եղանակով խարդախություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա հանցավոր գործունեությունն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը՝ վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխարգելելու և հանցավոր ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով, կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատիրոջ առաջարկած՝ իրականում գոյություն չունեցող ծառայություններից օգտվելուց, հնարավոր բոլոր միջոցներով շրջապատում իրազեկել և զգուշացնել նշված դեպքերի, դրանց կատարման հանգամանքերի մասին:

Նշված անձի կողմից խարդախության զոհ չդառնալու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերի միջոցով նմանատիպ հայտարարություններից, առաջարկներից, գովազդներից օգտվելուց առաջ լրացուցիչ եղանակներով ճշտել նման ծառայության, առաջարկվող ապրանքների իրականում գոյություն ունենալու, որպես տնտեսվարող, գրանցման հասցե և ռեկվիզիտներ ունենալու հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր