211652_close_icon
views-count1525 դիտում article-date 16:17 21-04-2021

Ցեղասպանության թանգարանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել. տնօրեն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործողություններում, քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ տարվող քննարկումներն արդոք ազդեցություն թողնո՞ւմ են թանգարանի աշխատանքների վրա:

«Որքան ես գիտեմ՝ Հայաստանի իշխանությունները որևէ պաշտոնական բան չեն ասել… Ես նկատի ունեմ, որևէ հայտարարություն, համաձայնագիր հայ-թուրքական հարաբերությունների մասով: Եթե չեմ սխալվում ԱԳՆ-ն էլ օրեր առաջ հայտարարեց, որ որևէ բանակցություն Թուրքիայի հետ տեղի չի ունենում: Ամեն դեպքում ասեմ, որ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրինությունը երբիցե ոչ զանգ է ստացել, ոչ խոսակցություն է ունեցել նման հարցերի շուրջ: Գաղափարախոսական ուղղվածություն հուշելու փորձ երբևիցե չի արվել: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք, 2015 թվականի նույն հիմնական ցուցադրությունն առկա է, դրան զուգահեռ կան նաև ժամանակավոր ցուցադրություններ»,-ասաց թանգարանի տնօրենը: Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը Թուրքիայի նկատմամբ, ապա Հարություն Մարությանը նշեց, որ այսօրվա Թուրքիային ինքը համարում է Հայաստանի թշնամի՝ ավելացնելով, որ թանգարանը ոչ թե քաղաքական, այլ գիտական մշակութային հաստատություն է:

Թանգարանի փոխտնօրեն Էդիտա Գզոյանը նկատեց, որ չնայած իրենց կամքին, փորձ է արվում թանագարանը որոշակի քաղաքականացնել, ինչն իր համար ընդունելի չէ: Նրա խոսքով, պետք է հասկանալ, որ թանգարանի դերակատարումը տվյալ դեպքում գիտական հետազոտություն կատարելն է: Այսինքն՝ յուրաքանչյուրն իր մասնագիտական ունակությունների շրջանակում մասնակցի որևէ հարցի առաջմղմանը:

«Թանգարանը ստեղծման առաջին իսկ օրվանից կատարում է իր ուսումնասիրությունները, իր գործը, աշխարհին ցույց է տալիս ցեղասպանական այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել հայերի նկատմամբ: Նույն ոճով շարունակում ենք աշխատել, մեր գործողություններն ու քաղաքականությունը փոփոխություն չեն կրել ու չեն կրելու վստահաբար»,- հավելեց Էդիտա Գզոյանը:  

Նմանատիպ նյութեր