211652_close_icon
views-count72144 դիտում article-date 13:50 07-05-2021

Ձեզ բացակա չենք դնի. Արարատի մարզի Գեղանիստի դպրոցի բակում տեղադրվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված գյուղի հերոս տղաների անունով խաչքար. Դուք պատերազմը հաղթել եք, պարտվել է...ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, Արարատի մարզի Գեղանիստ գյուղի՝ Գեղանիստի  միջնակարգ դպրոցի բակում արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմում նահատակված Գեղանիստի հերոս զինվորների անունով խաչքար տեղադրվեց։

Խաչքարի տեղադրման գաղափարը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Մակարյանինն է, և կարճ ժամանակում 3 մետրանոց տուֆից խաչքարը կյանքի կոչվեց։

Խաչքարի բացման պատիվն ընձեռնվեց զոհված հերոսների ընտանիքների անդամներին, հարազատներին, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց խաչքարը, և ներկա գտնվողները ծաղիկներ խոնարհեցին։ Խաչքարի հարևանությամբ տեղադրվել է նաև ցայտաղբյուր։ 

Խաչքարի բացմանը ներկա էր նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ 

44-օրյա պատերազմում հանուն Արցախի սահմանների պաշտպանության՝ մինչև վերջին շունչը պայքարի ելան նաև Գեղանիստ գյուղում ծնված Հարություն Լալայանը, Սարգիս Հակոպյանը, Արարատ Մակարյանը, Գևորգ Հարությունյանն ու Եփրեմ Հովհաննիսյանը։ 

Հիմա արդեն լեգենդ դարձած այս առյուծ տղաների անունով կոչվող խաչքարը ոչ միայն դպրոցի, այլև գյուղի համար դարձավ սրբատեղի։ Անգամ հարակից գյուղերի բնակիչներն ու նահատակված հերոսների մարտական ընկերներն էին այսօր ներկա խաչքարի բացմանը։ 

Փոքրիկ մշակութային ծրագրով հանդես եկան դպրոցի սաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հերոսների համագյուղացիներն ասում էին. «Հայաստանում էնպիսի մի անկյուն չկա, որ այս պատերազմը հերոսներ տված չլինի։ Մեր գյուղն էլ, ինչպես արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և այս պատերազմում, նույնպես հերոսներ տվեց ու հիմա ինչքան էլ ցավ ապրենք, բայց նաև հպարտությամբ ենք հիշելու էս առյուծ տղերքին, տղերք, ովքեր հայրենիքին տվեցին իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ Մենք մեր գործերով պետք է ապացուցենք, որ նրանք իզուր չեն նահատակվել։ Հալալ է նաև մեր գյուղաբնակ Նարեկ Մակարյանին, ում մտահղացմամբ իրագործվեց այս վեհ գաղափարը, և հիմա ամեն օր այցելելու ենք մեզ համար արդեն դպրոցի բակում ուխտատեղի դարձած, հերոսների անունը կրող խաչքարին ու մտով զրուցելու ենք լեգենդ դարձած զինվոր տղերքի հետ։

Մենք միայն մեկ բան կասենք՝ Ձեզ բացակա չենք դնի, Դուք հաղթել եք պատերազմը, Դուք հաղթել եք թուրք-ադրբեջանական, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչներին, Դուք անառիկ եք պահել Ձեզ վստահված առաջնագիծը, պատերազմը տանուլ են տվել որոշ քաղաքական գործիչներ, որոնք հետագայում պրտվելու են պատմության աղբարկղը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 286+
286+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր