211652_close_icon
views-count2744 դիտում article-date 17:20 09-05-2021

Ուկրաինացի փորձագետներն առաջարկել են ստեղծել Հայաստանի «Երաշխավորների ակումբ»

Ուկրաինական փորձագետները առաջարկեցին ստեղծել Հայաստանի համար Բուդապեշտյան հուշագրի «արդիականացված» անալոգը — «Երաշխավորների ակումբ», հայտնում է AnalitikaUA.net-ը:

Նման առաջարկով հանդես էր եկել ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

Վերլուծաբանը նշում է, որ այս նախաձեռնությունը նպատակահարմար գտնելու պարագայում, պիտի կյանքի կոչեն Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը։

Նրա կարծիքով երաշխավորներ կարող են լինել ԱՄՆ-ն, Ֆրանսիան և նույնիսկ Հունաստանը։

«Անհրաժեշտ է մշակել մի փաստաթուղթ, որտեղ հակակշիռների շնորհիվ հավասարակշռություն կպահպանվի, և «Ակումբի» անդամ երկրները կարողանան ապահովել երկրի իրական ֆիզիկական անվտանգությունը՝ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ազդեցության հատուկ մեխանիզմներով» — նշեց Հակոբյանը:

Քննարկմանը միացած՝ ուկրաինացի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը ասաց, որ իր կարծիքով, հաշվի առնելով ընդհանուր պատմությունը, այդպիսի խաղաղ խմբի բնական մասնակիցը պետք է լինի առաջին հերթին Իրանը, ինչպես նաև Վրաստանը և Արևմուտքի երկրները, որոնց ֆորպոստն Անդրկովկասում հանդիսանում է Հայաստանը:

«Իհարկե, մի կողմից դժվար է պատկերացնել արևմտյան երկրներն ու Իրանը մի սեղանի շուրջ: Բայց, մյուս կողմից, հենց միջազգային մեկուսացումից դուրս գալու անհրաժեշտությունն է, որ կարող է բավարար դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի Իրանը ավելի ակտիվ դիրքորոշում ստանձնի Հայաստանի սահմաններին հակամարտության կարգավորման գործընթացում և մերձենա Արևմուտքին:

Անդրադառնալով Արցախյան պատերազմի թեմային, նշեց, որ Ռուսաստանը ակնհայտորեն չկարողացավ կարգավորել իրավիճակը, կրիտիկական պահին նա չկարողացավ խանգարել Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ հարձակվելուց: «Այս իրավիճակը պետք է վերլուծվի Երևանի կողմից։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը կարող են կրկին Հայաստանից մեծ լինել և, չնայած խաղաղապահ զորակազմի ներկայությանը, պատերազմը կարող է նորից բռնկվել», — կարծում է Ուկոլովը:

Ուկրաինացի փորձագետ Օլեգ Սահակյանը իր հերթին նշեց, որ երաշխավորների ակումբը արժեքավոր գաղափար է, սակայն Հայաստանի պարագայում դա փոքր ինչ դժվար իրագործելի է, քանի որ չի կարծում, թե իշխանությունները կկարողանան այնպիսի փոխհարաբերություններ ձևավորել Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինս համաձայնի այս գաղափարի իրագործմանը։

Ըստ նրա՝ այս գաղափարը կյանքի կոչելը մեծ ջանքերի, ոչ տրիվիալ լուծումների առկայություն է պահանջում։ Նա շեշտեց, որ բացի այդ, Հայաստանը պետք է կարողանա այլ երկրներին շահագրգռելու եզրեր գտնել, որպեսզի նրանք համաձայնեն կամ ցանկանան լինել Հայաստանի երաշխավորը՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ու Ռուսաստանի ամենայն հավանականությամբ դիմակայումը։

«Սա կարող է լինել առաջարկվող երաշխիքների համաձայնագիր/հուշագիր կամ գուցե ինչ-որ այլ կոնստրուկցիա, բայց ինձ համար ակնհայտ է, որ «Երաշխավորների ակումբի» գաղափարը պետք է խթանել», — ընդգծեց Սահակյանը:

Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի խոսնակ, կոմունիկացիաների գծով փորձագետ Դիանա Դավիթյանը ասաց, որ գաղափարն իսկապես լավն է, սակայն բավականին բարդ գործ է։

«Թե ինչո՞վ կարող է Հայաստանն, օրինակ, հետաքրքիր լինել Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի համար, հայտնի չէ, բացի այդ դժվար է ասել, թե ով կուզենա խառնվել Թուրքիա-Հայաստան-Ռուսաստան եռանկյունուն։

Ինձ թվում է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանը պետք է լրջորեն ամրապնդի իր դիվանագիտական ​​կորպուսը ամբողջ աշխարհում: Եվ անհրաժեշտ են շատ անսպասելի դաշնակիցներ: Ինչը միաժամանակ կկարողանա հակահարված տալ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային անհրաժեշտության դեպքում», — նկատում է Դավիթյանը:

Ուկրաինայի վերլուծական կենտրոն և քաղաքական մենջմենթի ինտիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը ասաց, որ վերջին Արցախյան պատերազմի բենեֆիցիարները չեն կարողանա երկար ժամանակ պահպանել կայունությունը Կովկասում։

Նա ընդգծեց, որ Արցախի պատերազմի հիմնական բենեֆիցիարները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, հաշվի առնելով նրանց հնարավորություններն ու կարգավիճակը, չեն կարողանա երկար ժամանակ պահպանել կայունություն ու բացի այդ չեն կարող խոչընդոտել միջազգային այլ խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, հետևաբար դրանից պետք է օգտվել ու այս պահից սկսած փորձել գտնել նոր դաշնակիցներ, ովքեր դաշնակցային հիմունքներով կապահովեն անվտանգությունը տարածաշրջանում։

Իր հերթին, լրագրող, «Եվրոպայկայա պրավդա»-ի խմբագիր Յուրի Պանչենկոն նույնպես պաշտպանեց «Երաշխավորների ակումբ» ստեղծելու գաղափարը՝ նշելով, որ այժմ դա Երևանից զգալի փոփոխություններ է պահանջում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:

Նրա խոսքով՝ աշխարհն այժմ խիստ բևեռացված է, և բազմավեկտոր ձևաչափը, ինչպես հնարավոր էր մի քանի տարի առաջ, այժմ գործնականում անհնար է:

«Հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ հետաքրքրության ալիք էր բարձրացել 2018-19 թվականներին, և այդ ժամանակ Հայաստանը իրական հնարավորություն ունեցավ նվազեցնելու Ռուսաստանի Դաշնությունից կախվածությունը: Հիմա շատ ավելի դժվար է դա անել: Հատկապես, երբ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես «Ռուսաստանի Դաշնության հաճախորդ»: Նման կերպարը հնարավոր է փոխել, բայց դա շատ դժվար է: Առնվազն գալիք ընտրությունները պետք է օրինակելի դառնան, գոնե տարածաշրջանում, և նաև. Երևանը պետք է հրաժարվի ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում Ռուսաստանի Դաշնության հետ սինքրոն քվեարկության պրակտիկայից», — նկատեց դիտորդը:

Իսկ հայտնի միջազգայնագետ Իլիյա Կուսան շեշտեց, որ «Երաշխավորների ակումբ» ստեղծելու գաղափարը լավն է: «Բայց դրա համար անհրաժեշտ է կոտրել ներկայիս ստատուս-քվոն, որտեղ ամրացել են Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը, այնուհետև համոզել մնացածին, թե ինչպիսին է իրենց համար Հայաստանի աշխարհառազմավարական արժեքը Հարավային Կովկասում: Դա մեծ փորձություն կլինի իշխանությունների համար», — եզրափակեց Կուսան:

Թեման բավականին թեժ և գործնական քննարկում ստացավ ուկրաինացի փորձագետների շրջանում: Քննարկումներին մասնակցում էին տաս փորձագետներ՝ Մարատ ՀակոբյանըՌուսլան ԲորտնիկըՎիկտոր ՈւկոլովըԻլիյա Կուսան, Յուրի Պանչենկոն, Օլեգ ՍահակյանըՄարիա ԱզոյանըԴիանա ԴավիթյանըՏիգրան Մարտիրոսյանը և Տիգրան Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր