211652_close_icon
views-count2150 դիտում article-date 15:15 16-05-2021

Պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով ԵՄ Խորհրդի արտահերթ նիստ տեղի կունենա

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մայիսի 18-ին որոշել է հանրակցության 27 երկրների արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսակոնֆերանս հրավիրել ՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտու իրադրությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հարաբերություններում լարվածության շարունակվող սրման եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի անընդունելի թվի կապակցությամբ ես երեքշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ եմ հրավիրում»,- գրել է Բորելը Twitter-ում:

Նրա խոսքով ՝ նախարարները կքննարկեն, թե «ինչպես ԵՄ-ն կարող է լավագույնս նպաստել ներկայիս բռնության դադարեցմանը»:

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական խմբավորումների եւ իսրայելական բանակի կողմից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են մայիսի 10-ից: Նրանք հաջորդել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնք սկսվել են Իսրայելի դատարանի՝ Շեյխ-Ջարահ թաղամասում գտնվող արաբական ընտանիքներից տներ առգրավելու որոշման պատճառով:

ՏԱՍՍ-ի վերջին տվյալներով՝ փոխադարձ հրթիռային հարվածների հետեւանքով իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, պաղեստինյան կողմից՝ առնվազն 174 մարդ, ներառյալ՝ 47 երեխա:

Նմանատիպ նյութեր