211652_close_icon
views-count2586 դիտում article-date 15:15 24-05-2021

Խուզարկել են ԲԿ-ից «Արմավիր» ՔԿՀ վերադարձող դատապարտյալին և թմրամիջոց գտել. մեկ այլ փորձ կանխվել է «Գորիս» ՔԿՀ-ում

2021 թվականի մայիսի 21-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվող դատապարտյալ Վ. Մ.-ն փորձելու է ձեռք բերել թմրամիջոց։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հաջորդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձվող վերոնշյալ դատապարտյալին, ինչի արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են ծխախոտի տուփում քողարկված, 1,16 գրամ քաշով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգված:

Արգելված իրերի ներթափանցման մեկ այլ փորձ կանխվել է նաև ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, որտեղ մայիսի 23-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները, ցուցաբերելով աչալրջություն, զբոսահրապարակի պատի տակ նկատել և հայտնաբերել են ներնետված փաթեթ։ Զննվող փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,68, 2,70, 1,57 և 1,22 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր